ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գյուղի բրենդն է ազնվամորին
19:00 17.07.2018

Գյուղի բրենդն է ազնվամորին

«Ուժեղ կանայք, ուժեղ աշխարհ»

Սահմանափակ հողային ռեսուրսներով գյուղ․ այսպես են բնութագրում Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքը։ Բայց արի ու տես, որ այդ հանգամանքը չի խանգարում տեղի կանանց ռացիոնալ օգտագործել փոքրիկ հողակտորները։  Տարիներ առաջ փոքր տարածքից բարձր եկամուտ ստանալու ձգտումը Վիկտորյա Խաչատրյանին ստիպեց մտածել սեփական բիզնեսի մասին։ Ասում է՝ 25 տարի առաջ ամուսինը արտագնա աշխատանքի գնաց, այլևս չվերադարձավ։ «Ընտանիքս մնաց իմ հույսին, միայնակ մեծացրի 5 երեխա, անընդհատ միտք անելով՝ ինչ արտադրել գումար վաստակելու համար։ Գյուղում աշխատատեղ չկար, բայց բոլորիս տնամերձերում ազնվամորու թփեր կային։ Մեզ համար մշակում էինք՝ երբևէ չմտածելով, որ կարելի է լուրջ արտադրություն սկսել», - պատմում է 58-ամյա կինը։

2014թ․ Վորլդ վիժնի տնտեսական ծրագրերի համակարգող Իրենա Բալայանի այցը համայնք հեղաշրջում մտցրեց Աշոտավանի կանանց կյանքում։ Սկսեցին համագործակցել կազմակերպության հետ։ «Տեղական արժեշղթաների զարգացման» ծրագրի արդյունքում կանայք վերապատրաստվեցին՝ զարգացնելով իրենց կարողությունները, ուսումնասիրեցին շուկան, ստեղծվեց «Վիկտորիա» ազնվամորի արտադրող կանանց խումբը։

Գյուղաբնակ 10 կանայք, հավատալով իրենց ուժերին, ամենօրյա զբաղմունքը դարձրին  աշխատանք, կոտրելով այն կարծրատիպը, որ կնոջ առաքելությունը միայն տնային տնտեսուհու գործն է։ Լուսինե Յազուլյանը նրանցից մեկն է։ Ասում է՝ ամուսինը, արտագնա աշխատանքից աշնանը վերադառնալով, զարմացավ և ուրախացավ՝ տեսնելով, որ առանց նրա կարողացել է այդքան բան ստեղծել։ 100 քառ․ մետրից մոռի մշակությունը հասցրել է 1000 քառ․ մետրի։ «Ընտանեկան զամբյուղը ես էլ իմ կողմից կարողացա լցնել, ներդրում ունենալով։ Չեմ ուզում ամբողջ օրը պարապ նստել, սպասել, որ ամուսինս փող ուղարկի», - նշում է։ Տիկին Լուսինեի խոսքով՝ ծրագրի շնորհիվ հասկացան ազնվամորու արժեքը։

Մշակություն և խնամք

Այս կանայք, զարգացնելով իրենց հմտությունները, միջազգային փորձն են սկսել կիրառել։ Ավանդականը մի կողմ թողնելով՝ նոր տեխնոլոգիաներ են ներդրել։ Խոսքը ազնվամորու՝ լարասյունային եղանակով և կաթիլային ոռոգմամբ մշակության մասին է։ Համոզվել են՝ նոր եղանակով բերքատվությունը աճում է, քանի որ թփերը հողին չեն կպչում, հատապտուղը չի նեխում ու փչանում, բացի դրանից էլ, հավաքելն է հեշտանում։

Տեղումնառատ տարիներին թփերում խոտը արագ է աճում, խանգարելով հատապտղին։ Ազնվամորու մշակության գիտակները խորհուրդ են տալիս անպայման քաղհանել, որպեսզի նոր դուրս եկած շիվերը կարողանան շնչել, օդափոխություն լինի։ Ավելորդ ճյուղերը հեռացնելը նույնպես շատ կարևոր է։ «Ցանկացած բույս ուշադրություն է սիրում, մեր եկամուտի աղբյուրը ազնվամորին է, շատ ենք աշխատում, որ որակյալ ու բարձր բերք ստանանք։ Օրինակ, ծրագրի առաջին տարում 500 կգ բերք եմ ստացել, անցյալ տարի ցրտահարության պատճառով 350 կգ էր, այս տարին հույս ունեմ, որ կգերազանցի նախորդին», - ասում է Լուսինեն։

Եթե ազնվամորու թփերը միջատներով են պատված, տերևները՝ կուչ եկած, ուրեմն հիվանդություն է գլուխ բարձրացրել։ Պայքարի մեթոդների մասին խոսելիս ամենադյուրին տարբերակն են առաջարկում՝ սխտորաջուր անել, թթվեցնել և սրսկել։

Սպառման շուկա

Արցախի Հանրապետությունը Աշոտավանի ազնվամորու սպառման հիմնական շուկան է։ Կանայք հավաստիացնում են՝ մեկ կիլոգրամ անգամ չի փչանում։ Տեսնելով «Վիկտորիա» խմբի հաջողությունները՝ գյուղի շատ տնտեսություններ հետևել են նրանց օրինակին։ Մեծացրել են մշակության տարածքները։ Այժմ Աշոտավանի մոտ 60 տնտեսություն տարվա կտրվածքով 30 տոննայից ավելի ազնվամորի է շուկա հանում։ «Մեր խումբը կատալիզատորի դեր է կատարում։ Հարակից բնակավայրերում՝ Բնունիս, Թասիկ, Հացավան, ստեղծվել են ազնվամորի արտադրող կանանց խմբեր, որոնց մենք մեր փորձն ենք հաղորդում, զարգացնում նրանց կարողությունները, կարողանում ենք շուկա ղեկավարել, գին պահել։ Սեզոնին ազնվամորու մեկ կիլոգրամը 1000 դրամից չի իջել», - ասում է Վիկտորյա Խաչատրյանը։ Իսկ դա պատահական չէ, ասում են, Աշոտավանի ազնվամորու ապրանքային տեսքը գեղեցիկ է, համային արժեքները՝ բարձր։ Այդ ամենը կանայք կապում են բարենպաստ բնակլիմայական պայմանների և, իհարկե, իրենց սիրո և նվիրվածության հետ։

30 հազար եվրո օրգանական մշակության համար

Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության հայտարարած մրցույթում   խումբը հաղթող է դարձել և 30 հազար եվրո արժողությամբ ծրագիր շահել։ Կանայք հնարավորություն են ստացել ազնվամորու՝ օրգանական մշակություն հիմնել, յուրաքանչյուրը 1000 քառ․ մետր տարածքում։ Ծրագրի շրջանակում սովորել են աղբը կառավարել։ Ամբողջ հողամասի չոր, թաց խոտերը, գոմաղբը, կենցաղային մնացորդները շերտերով կուտակում են մեկ վայրում, նեխման պրոցես է ընթանում։ Հաջորդ գարնանը ստացված զանգվածը, որպես սննդանյութ, օգտագործում են մշակության համար։ Քիմիական որևէ տարր չի կիրառվում։  Արտադրության զարգացման հեռանկարները կանայք տեսնում են չրագործության բիզնեսում։

Լեգենդ և օգտակարություն

Այս հատապտուղը հին ժամանակներում հայտնի է եղել ոզնի անունով, քանի որ ճյուղերի վրա անհամար փշեր կան:

Ազնվամորին Եվրոպայում հայտնվել է միայն 18-րդ դարում:

Գոյություն ունի ազնվամորու մասին լեգենդ՝ համաձայն որի, այն Աստծու կողմից որպես նվեր է տրվել մի կնոջ, ով անընդհատ կարոտում էր իր հովիվ ամուսնուն:

Ազնվամորու հայրենիքը համարվում է Միացյալ Նահանգները:

Ազնվամորին ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ։ Կարող է փոխարինել ասպիրինին։

․ Չորացրած ազնվամորին պարունակում է 20 անգամ ավելի սալիցիլաթթու, քան թարմը։

․ Ազնվամորին ամրացնում է արյունատար անոթների պատերը։

․ Ազնվամորին իջեցնում է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը արյան մեջ, բուժում և կանխարգելում է աթերոսկլերոզը։

․ Լավացնում է մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։

Նելլի Միրզախանյան

Հ․գ․ Հուլիսի 28-ին` ժամը 12:00-ին, արդեն 3-րդ տարին անընդմեջ Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան բնակավայրում տեղի կունենա Ազնվամորու փառատոնը՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով: 

19:00 17.07.2018