Քաղաքական
Ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ բերման ենթարկվեցին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Թե ինչի համար, այսինքն՝ ինչի մեջ են նրանք մեղադրվում, առանձին խոսակցության թեմա է. առիթ ունեցել ենք նշելու, որ երկրում հանցագործության ծավալներն անշեղորեն աճում են, իսկ Հայաստանի իրավապահները զբաղված են սոցցանցերի ու տեղեկատվական այլ հարթակների մոնիտորինգով, թե ով Նիկոլ Փաշինյանի «թանին թթու» կասի, որ վարույթ նախաձեռնեն, գլխին մի բան սարքեն: Այս դեպքում խնդիրը վերաբերում է նրան, թե ինչպես բերման ենթարկեցին, ի մասնավորի, Սամսոնյանին:
Փաշինյանի սիրած ոճով, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին փռելով», գլուխը գետնին սեղմելով, մի խոսքով՝ բռի վայրենությամբ: Դե, հասկանալի է, շոուն պետք էր ապահովել, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը փառավորվի. նա սիրում է նման տեսարաններ: Դժվար չէ պատկերացնել, թե նա ոնց է դիտում այդ կադրերն ու, ոտքը ոտքին գցած, զվարճանում: Այն, որ այս իշխանություններն անհայրենիք են, որ նրանք թքած ունեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, հայ ժողովրդի վրա, վաղուց նորություն չէ, այդ թվում՝ նույնիսկ «նիկոլականների» համար. վերջիններիս մեծ մասը պարզապես չի ցանկանում առերեսվել իրականության հետ: Բայց չեն դադարում զարմացնել իրավապահ համակարգի այն ներկայացուցիչները, մասնավորաբար ոստիկանները, որոնք նման վայրագությամբ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այն դեպքում, երբ վերջինիս պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, կորցրեցինք Արցախը, կորցնում ենք մեր երկրի տարածքները, վտանգված են մեր ու մեր երեխաների, այդ թվում՝ նույն ոստիկանների երեխաների, ընտանիքների՝ սեփական երկրում անվտանգ ապրելու, ընդհանրապես սեփական երկրում ապրելու ապագան:
Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այս իշխանությունները ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, իսկ հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին», ամիսներով կալանքի տակ պահում, քրեական գործեր կարում: Նախօրեին էլ Ալիևի հանձնարարություններն ու պահանջները լուռ կատարող Նիկոլ Փաշինյանը ինչ-որ սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմադիրների ու ընդդիմախոսների հասցեին: Թեպետ, դա էլ արդեն զարմանալի չէ. նա ամեն ինչի կգնա միայն մեկ նպատակով՝ պահպանել իր աթոռը և… վերջ: Ի դեպ, ինչպես ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները, երեկվա շուի նման «ասֆալտփռոցիներին» որպես կանոն հաջորդում են նոր փորձանքներ, նոր զիջումներ, նոր զոհեր»: