ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Վերջին 5-6 տարում պետությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար մոտ 4 000 դոլարի պարտք է կուտակել»․ Սուրեն Պարսյան
21:31 27.03.2024

«Վերջին 5-6 տարում պետությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար մոտ 4 000 դոլարի պարտք է կուտակել»․ Սուրեն Պարսյան

Այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մոտավորապես 4 000 դոլարի չափով պարտք ունի, որը պետությունը հիմնականում կուտակել է վերջին 5-6 տարիների ընթացքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նշենք, որ Հայաստանի ընդհանուր պարտքը հատել է 12 մլրդ դոլարի շեմը, որից մոտավորապես 7 մլրդ դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ տարբեր միջազգային կազմակերպություններից դոլարով վերցրած պարտքն է, մնացածը հիմնականում դրամային արտահայտությամբ պարտքն է, որը կուտակվել է պարտատոմսերի թողարկման միջոցով։

Պարսյանի դիտարկմամբ՝ առհասարակ ֆինանսական կայունության տեսանկյունից նպատակահարմար է, որ պետությունը ունենա ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը չանցնող պարտք։ «Հայաստանի պարագայում, հաշվի առնելով վերջին տարիների տնտեսական աճի ցուցանիշները, ինչպես նաև դրամի գերարժեվորումը, այս պահին այդ ցուցանիշը կազմում է մոտ 45 տոկոս։ Այսինքն, մենք ունենք ՀՆԱ-ի աճ, որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 24-25 մլրդ դոլար։

Այս պահին, եթե դիտարկում ենք այս ցուցանիշով, ապա Հայաստանը ֆինանսական կայունության խնդիր չունի։ Հիմնական խնդիրը կլինի այն դեպքում, երբ փոխարժեքի կտրուկ աճ ունենանք և երբ 2025 թ-ին Հայաստանը կսկսի մարել իր կուտակած պարտքերի զգալի մասը։

Պարսյանը նշեց, որ միայն 2025 թ-ին նախատեսվում է, որ Հայաստանի արտաքին պարտքի մարմանը մոտ 1 մլրդ դոլար գումար պետք է հատկացվի։ «Այս պահին կառավարությունը հասկանում է, որ վերջին տարիների դրամական հոսքերի բումը հավերժ չէ, որ դրա օգուտները կրճատվելու են, ուստի հիմա մտածում են լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման աղբյուրներ գտնելու մասին, դրա համար նախատեսում են հարկային դրույքաչափերի փոփոխություններ, նոր ոլորտների հարկում, ինչպես օրինակ, խոպանչների հարկման մեխանիզմների ներդրումը, և այլն։ Այսինքն, կառավարությունն արդեն պատրաստվում է, քանի որ եթե ունենան նույն ֆինանսական հոսքերը, ապա այդ պարտքը մարելու խնդիր են ունենալու։ Այսինքն, հաշվի առնելով, որ Հայաստանը ներքին տնտեսական ներուժ չունի՝ նման մեծ պարտք սպասարկել համար, ապագայում այդ խնդիրը բավականին մեծ է լինելու»։

Հատկանշական է, որ ըստ տնտեսագետի՝ 2018 թ-ից սկսած ՀՀ պետական պարտքը ավելացել է 5,5 մլրդ դոլարով, 6,5 մլրդ դոլարից՝ հասնելով 12 մլրդ դոլարի։ «Աճը չափազանց արագ է տեղի ունեցել, ավելին՝ պետական պարտքն ավելի արագ է աճել, քան մեր տնտեսական աճն է եղել։ Սա իր բացասական հետևանքներն է ունենում, քանի որ ստացվում է, որ ավելի շատ ես պարտք կուտակում, քան արդյունք ես ստանում»։

Անդրադառնալով հարցին, թե որքանով են արդյունավետ ծախսվում ներգրավված միջոցները՝ Պարսյանը նշեց, որ Հայաստանի պետական պարտքի ծախսման ուղղությունները շատ տարբեր են, այսինքն, այն միջոցները, որոնք պետությունը վերցնում է կապիտալ ծախսերի համար՝ չի կարողանում կատարել, դրանք թերակատարվում են, իսկ այն ուղղություններով, որոնք ընթացիկ ծախսերին է վերաբերում, դրանք շատ մեծ հաջողությամբ կարողանում են կատարել, քանի որ դրա համար մեջ ջանք պետք չէ։

«Օրինակ, մենք ֆրանսիայից վերցրած վարկ ունենք, որով պետք է կառուցվեր ջրամբար, ինչպես նաև ջրատարներ, բայց այդ վարկը տարիներ շարունակ թերակատարվում է, այդ խնդիրը ձախողվում է։ Նման խնդիր է նաև Հայաստան -Իրան 7-րդ էլեկրահաղորդման գծի շինարարության հետ։ Այսինքն, պարտքերի հիմնական մասը, որ կուտակում է ՀՀ կառավարությունը՝ հիմնականում անում է պետական պարտատոմսերի միջոցով, պետական պարտատոմսը թողարկվում, տեղաբաշխվում է տնտեսության մեջ, մինչդեռ պարտատոմսի պարագայում պետությունը որևէ պարտավորություն չունի, որ ասի, թե ինչ ուղղությամբ է ծախսելու։ Այսինքն, կարող է այդ գումարով իր համար մեքենա գնել, պարգևավճար վճարել, կամ աշխատավարձ տալ։ Վարկերի դեպքում, որ տալիս են օրինակ Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն՝ դրանք նպատակային են։

Վերջին տարիներին պետությունը աննպատակ փոխառություններ, պարտատոմսեր է անընդհատ թողարկում, գումարներ հավաքագրում և գումարի ծախսման նպատակը հայտնի չէ։ Այսինքն, դրանք չեն ուղղվում կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը՝ ճանապարհների, ջրամբարների, այլ ենթակառուցվածների կառուցմանը, ինչը պարտքի կուտակման տեսակյունից կարևոր է։ Մինչդեռ, պարտքը ճիշտ կառավարելու դեպքում՝ պարտք պետք է վերցնել կապիտալ ծախսերի համար։ Այսինքն, պարտք պետք է վերցնել ոչ թե հեռախոս գնելու համար, այլ պետք է վերցնի, իր համար եկամտքի աղբյուր ստեղծելու նպատակով։ Օրինակ, կարող է հեծանիվ գնել, որով առաքումներ կկազմակերպի։ Մեր դեպքում, պատկերավոր ասած՝ պետությունը պարտք է վերցնոմ հեռախոս գնելու համար»։

Աղբյուր` Փաստինֆո

21:31 27.03.2024