Հասարակական
«Քնից արթնացե՛ք, երկիրն են հանձնում»․Կիրանցի բնակիչներ
Տվյալ իրավիճակում մեր միակ ելքը պայքարելն է, այլապես նման կերպ ապրելը ու՞մ է պետք. ABC media-ի լրագրողի հետ զրուցում ասել են Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները։
«Հայ ազգը պետք է հասկանա՞, որ սա հայրենիքի համար է։ Քնից արթնացե՛ք, օգնե՛ք պահենք մեր գյուղերը, որովհետև սա միայն մեր խնդիրը չէ, սա ամբողջ երկրի խնդիրն է։ Խնդրում ենք, եկեք։ Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի։ Միավորվեք, մեր տունը պահենք»,- ասել են հավաքված բնակիչները։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր առավոտից վիճակը լարված է Տավուշի մարզի Կիրանց գյուղում։
Գյուղացիները փակել են դեպի Կիրանց գետի կամուրջ տանող ճանապարհը՝ ականազերծում թույլ չտալու համար։
Հիշեցնենք՝ այսօր 7-րդ օրն է՝ ինչ տավուշցիները պայքարում են Կառավարության հաստատած սահմանազատման ծրագիրը չեղարկելու համար։
Նախորդ 6 օրերի ընթացքում ցուցարարները մի քանի ուղղություններով փակել են միջպետական ու միջհամայնքային ճանապարհներ։
Այդ ընթացքում ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, որոնց մեջ էին նաև ռազմական, քաղաքական գործիչներ։
Ապրիլի 23-ին բոլորին ազատ են արձակել՝ ձերբակալելով միայն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին։
Նա հիմա Երևանում է՝ Էրեբունու ձերբակալվածներին պահելու վայրում։
Աղբյուրը՝ ABC MEDIA