Հասարակական
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Աստված օրհնեց մեր ժողովրդին և վերականգնեց հայոց պետականությունը պատմական Հայաստանի արևելյան հատվածում, մեր ժողովուրդը կարողացավ պահպանել իր պատմական հողերի այս մի հատվածը, և ամոքել իր վերքերը։
Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը․ մենք դրա մասին պիտի մտածենք, խորհենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել նման իրավիճակներից և թույլ չտանք օտարներին մեր հայրենիքում ենթարկելու մեզ ցեղասպանության․․․ Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով։
Չվախենանք երբեք և շարունակենք ապրել Քրիստոսով, որովհետև նա հաղթեց ու մենք էլ հաղթելու ենք»։
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ և կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին