Քաղաքական
«Մենք խոսում ենք՝ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երթուղու մասին». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
«Մենք կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել այս թեմայով և խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։ Իսկ բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով և միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Նման հարցերը, այդ թվում՝ անկլավների վերադարձն ու փոխանակումը, պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել այդ գործին՝ հաշվի առնելով Ռուսաստանին հասանելիք եզակի քարտեզագրական նյութերն ու փորձաքննությունը։ Համանման սկզբունքները կիրառելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում»,- հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
«Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Մենք խոսում ենք՝ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երթուղու մասին։ Գոյություն ունի փոխզիջումների զարգացման լավ կայացած մեխանիզմ։ Սա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբ է։ 2023 թվականի հունիսի 2-ին կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական երթուղիների ապաշրջափակման համապարփակ փոխշահավետ որոշման ընդունմանը։ Եվ մենք մեր գործընկերներին կոչ ենք անում դրսևորել քաղաքական կամք և վերսկսել փոխգործակցությունը ստեղծված եռակողմ ձևաչափերի, այդ թվում՝ եռակողմ աշխատանքային խմբի միջև»,- ասաց Զախարովան։
Աղբյուրը՝ YerevanToday