ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր». տղաների գերության 10 օրերը
13:51 29.04.2024

«Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր». տղաների գերության 10 օրերը

Լուսանկարի տղաներին հավանաբար հիշում եք։ Ադրբեջանը Հակարի կամրջին նրանց առևանգել է 2023 թվականի օգոստոսի 28-ին, երբ վերջիններս ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվում ուսման նպատակով։ 

Ադրբեջանական կողմը Մարտունի քաղաքի բնակիչներ Վահե Հովսեփյանին, Ալեն Սարգսյանին և Լևոն Գրիգորյանին ապօրինի ազատազրկել է 10 օր։ Նրանք մնացել են Բաքվի բանտերից մեկում։ 

«Ամեն ինչ սկսվել է մեզ առևանգելուց 3 տարի առաջ, երբ որպես ֆուտբոլային սիրողական ակումբի մասնակիցներ տրորել ենք Ադրբեջանի դրոշը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Վահեն։ 

Տղաներն ուսման նպատակով տեղափոխվում էին Հայաստան։ Սակայն, Հակարի կամրջին ադրբեջանցի ծառայողները նախ Ալենին, ապա Վահեին ու Լևոնին են առևանգել։ Նրանց մեքենայով տեղափոխել են Կուբաթլուի օդանավակայան, այնուհետև փակ աչքերով ու ձեռնաշղթաներով ուղղաթիռով տարել Բաքու։ Ամբողջ ճանապարհին միայն մեկ անգամ են բացել աչքերը, արձակել ձեռքի կապանքները՝ ինչ որ թուղթ ստորագրելու նպատակով։ 

«Մեզ տարել են ուղիղ Բաքվի դատարան։ Այնտեղ հարցաքննել են ու վերադարձրել բանտախուց։ Այնտեղ պահվող հայ գերիներից ոչ ոքի չենք տեսել։ Առավոտյան ժամը 7-ին «վերկաց» հրահանգով արթնանում էինք, ու տանում էին նախաճաշի, հետո նորից հրավիրում էին հարցաքննության»,- պատմում են տղաները։ 

Տղաներն ասում են, որ ըստ ադրբեջանցի դատավորի՝ իրենց սպառնում էր մինչև 20 տարվա ազատազրկում, բայց Ալիևի «մարդասիրությամբ» պայմանավորված, պետք է մնային 10 օր։ Վահեն, Ալենն ու Լևոնն էլ գիտակցում էին, որ իրենց այնտեղ հայտնվելն ընդամենը պատճառ էր բլոկադայի մեջ գտնվող հայրենակիցների շրջանում վախ ու խուճապ առաջացնելու նպատակով։ 

«Հեռուստացույց դիտելու, նաև ռուսերեն տպագրված Աստվածաշունչ ու հայ գրականություն ընթերցելու հնարավորություն են տվել։ Օրվա մեջ մի քանի անգամ 15 րոպե հանգստի հնարավորություն ունեինք։ Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային. դա մաքուր օդ շնչելու տեղ էր»,- պատմում են գերությունից վերադարձած երիտասարդները։ 

Նրանց խոսքով՝ գերության 10 օրերի ընթացքում իրենց այցելել են Ադրբեջանի ՄԻՊ-ը, Կարմիր խաչի կոմիտեն։ 

«Բացի այդ, բանտի ծառայողներն էին մեկ-մեկ մեզ հետ զրույցի բռնվում, ծխախոտ առաջարկում, որից մենք հրաժարվում էինք։ Մեկ անգամ ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն են տվել, խոսել ենք, մերոնց՝ հանգստացրել, որ ամեն բան լավ կլինի։ Իհարկե՛, դա անհրաժեշտ էր»։ 

Գերության 11-րդ օրը՝ սեպտեմբերի 7-ին, տղաները վերադարձել են Հայաստան, 12 օր անց լայնամասշտաբ պատերազմ է սկսվել Արցախի դեմ։ Միայն բռնի տեղահանությունից հետո են տղաները միավորվել ընտանիքների հետ։ 

Արցախցի ուսանողների, իսկ դրանից առաջ քաղաքացիներ Վագիֆ Խաչատրյանի ու Ռաշիդ Բեգլարյանի առևանգումը, Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարուցումը ուղիղ սպառնալիք էին Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական գոյության համար։ Շրջափակումը, անցակետի տեղադրումը, պատերազմն ու գաղթը արցախցիներին զրկել էին իրավունքների պաշտպանության բոլոր հնարավորությունից։ 

Աղբյուրը՝ MediaHub

13:51 29.04.2024