Հասարակական
Հայաստանում ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրն ամփոփեց իր արդյունքները։ Այն տեւել է 5 տարի, ֆինանսավորվել Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը եւ հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները:
Ծրագիրն իրականացվել է 3 մարզի (Արարատ, Սյունիք, Վայոց ձոր) 26 համայնքում։ Տրամադրված փոքր դրամաշնորհների շնորհիվ այդ համայնքներում լուծվել են այնպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են ճանապարհների բարեկարգում, ջրագծերի անցկացում, արտաքին լուսավորության ապահովում եւ այլն։
Կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 5 համայնքի հետ կնքվել են երկարաժամկետ՝ 7-10 տարվա տեւողությամբ բնապահպանական համաձայնագրեր՝ 10 գյուղական բնակավայրերում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար։ Ծրագրի շնորհիվ ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի թիվը։
Բնապահպանական համաձայնագրերը թույլ են տալիս իրականացնել բնության պահպանություն՝ միեւնույն ժամանակ աջակցելով համայնքներին իրականացնելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Օգտագործելով այդ միջոցները՝ համայնքները կարողանում են մասնակցել նաեւ պետական սուբվենցիոն ծրագրերի եւ լրացուցիչ միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից։ էկոմիջանցքների խթանման ծրագրի կողմից համաֆինանսավորվել են՝
գյուղտեխնիկայի, շինարարական եւ ուղեւորներ փոխադրող մեքենաների տրամադրում Արենիում եւ Սիսիանում,
արեւային ջրատաքացուցիչների տրամադրում յուրաքանչյուր տնային տնտեսությանը Արտավանում,
բարձրարժեք պտուղների մշակման համար ոռոգման համակարգի ներդրում Զանգակատանը,
մակատեղիների եւ հովվի տնակի կառուցում Հորսում։
Աղբյուրը՝ NEWS.am