ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մարգըրիտ Դյուրաս․ «Սիրեկանը»
22:00 27.04.2020

Մարգըրիտ Դյուրաս․ «Սիրեկանը»

«Պիթոն, որ բերանից կարող է թափել նույնքան դոդոշ, որքան և ադամանդ», - այսպես է բնութագրվում ֆրանսիական գրականության Մարգո թագուհին՝ Մարգըրիտ Դյուրասը։ Արվեստագետը ամենատարակերպիկներից է համարվում։ Նրա «Սիրեկանը» վեպը աննախադեպ հաջողություն գրանցեց․ թարգմանություն 45՝ լեզվով, մեկ ու կես միլիոն օրինակ վաճառք, գոնկուրյան մրցանակ, բեմադրություններ, էկրանավորում։ Վեպը պատմում է տասնհինգուկես տարեկան աղջկա սիրային ու ընտանեկան դրամատիկ իրադարձությունների մասին։ 

«Իմ ծերացումը կտրուկ եղավ։ Ես տեսա, թե ինչպես այն նվաճեց իմ բոլոր դիմագծերը ինչպես աչքերս դարձրեց ավելի խոշոր, հայացքս՝ ավելի թախծոտ, շրթունքներս՝ ավելի վճռական․․․»։ Այս տողերը վեպի հենց սկզբում են, ինչից էլ պարզ է դառնում, որ Դյուրասը պատմությունը սկսել է հետևանքից։ Նկարագրում է Ֆրանսիայով ճանապարհորդող մարդկանց ցնցված հայացքները, երբ հերոսուհուն տեսել են վաղ տարիքում, ապա՝ տեսնում են 18 տարեկանում։ Այսինքն՝ հեղինակը նկատի ունի, որ 18-ում աղջիկն արդեն քայքայված, ալկոհոլային դեմք ունի։

Այնուհետև կարճ նախադասություններով Դյուրասը պատմում է Սայգոնի պետական գիշերօթիկից, ապա ընտանիքի անդամների մասին է խոսում՝ դեռևս հպանցիկ։ Այս ընթացքն ուղեկցվում է հետաքրքիր նկարագրություններով․ «Հագել եմ բնական մետաքսե զգեստ, մաշված է, գրեթե թափանցիկ։ Առանց թևքերի է, լանջաբացվածքն էլ շատ մեծ է։ Աղոտ դարչնագույն է, այնպիսին, որ բնական մետաքսը ստանում է շատ օգտագործելիս»։ Բացի դրանից՝ աղջիկը դնում է հարթ եզրերով ու լայն, սև ժապավենով վարդագույն գլխարկ։

Գործողությունները սկսում են զարգանալ, երբ լիմուզինում նստած վայելչատես տղամարդը նկատում է գետի ափին կանգնած աղջկան։ Քայլերի հաջորդականությունը հետևայլն է․ ծխախոտ է առաջարկում, մերժում է։ Այնուհետև լիմուզինում տեղի են ունենում կրքեր, առանց ֆիզիկական ակտիվ գործողությունների, միայն ձեռքերի հպում՝ ներսում անհագուրդ կրքերը պատրաստ են։ Ապա աղջիկը հայտնվում է հարուստ չինացու անկողնում։ «Պատռեց փոքրկ վարտիքն ու այդպես մերկ տանում է անկողին։ Աղջիկը՝ համբերատար, սկսում է հանել նրա շորերը։ Փակ աչքերով․․․Մաշկը չքնաղ քնքշություն ունի։ Մարմինը նիհար է, անուժ, առանց մկանների։ Մազեր չունի, առնականություն չունի, բացի առնանդամից։ Աղջիկը չի նայում նրան։ Հպվում է միայն, փաղաքշում անծանոթ նորույթ։ Տղամարդը տնքում է, արտասվում։ Նա գարշելի սիրո մեջ է։ Աղջիկը քշվում է դեպի իրեն կլանող հեշտանքը»։

Այս ամենը տասնհինգուկես տարեկան աղջկա դեռահասության փառահեղ վախճանն էր․ կուսության կորուստը անմեղության կորուստն էր։ Սկսվում է վաղահաս ծերացումը, քանի որ այս նուրբ հարաբերությունները բախվում են ընտանեկան բռնությունների։ «Եղբայրս պատասխանում է մորս, ասում, որ իրավացի է, աղջկան պետք է ծեծել մայրս հարվածում է ողջ ուժով»։ Ի հակադրումն սրան՝ սեռական ցանկությունները կրկնապատկվում են։ «Աղջկան նա գիշերօթիկ է ուղեկցում սև լիմուզինով։ Մուտքից մի քիչ հեռու է կանգնում, որ իրեն չտեսնեն․․․»։ Արբեցած հեշտանքով՝ աղջիկը ընկերուհուն՝ Հելենին, շտապում է պատմել, որ շուտով ադամանդ կունենա իր մատնեմատին, և վերակացուհիներն իրեն այլևս նկատողություն չեն անի։ Աղջիկը ամուսնության մասին չի խոսում, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող։ 

Այստեղ ևս խոռոչ կա․ չինացի հարուստ տղամարդու հայրը ինքը պետք է հարսնացու ընտրեր։ Սոցիալական խավերի այս տարբերությունը նորություն չէ գրականության մեջ կամ հենց իրական կյանքում, պարզապես առանցքային իրադարձություններն են տարբեր։ Դրան գումարած ժամանակաշրջանը, կարծրատիպերը, բարքերը, որոնք խժռում են մարդկանց հարաբերությունների օրինաչափությունը։ Իհարկե, վաղահաս ծերացմանը նպաստում է նաև սեռական հասունացումը, ինչպես աղջիկն է ասում․ «Արդեն հասունացել եմ։ Ինչ-որ բան գիտեմ։ Գիտեմ, որ հագուստը չէ, որ գեղեցկացնում է կանանց, ոչ էլ գեղեցկանալու համար թափված ջանքերը, ոչ քսուքների բարձր գները, ոչ նրանց հազվագյուտությունը, ոչ էլ թանկարժեք արդուզարդը։ Գիտեմ, որ խնդիրն այլուր է»։

Տղամարդու ու աղջկա սեռական կյանքից զատ՝ սիրո ու ցանկության այլ դրսևորում է նկարագրում գրողը։ Թվում է՝ միասեռ սիրո գաղափարը մոդեռն է, բայց արի ու տես միամտություն է այդպես կարծելը։ «Ես ուժասպառվում եմ Հելեն Լագոնելին հասնելու ցանկությունից։ Ուզում եմ նրան տանել այնտեղ, ուր ամեն գիշեր աչքերս փակ ինձ տալիս եմ հեշտանքին, որն ինձ ստիպում է ճչալ։ Կուզենայի նրան տալ այդ մարդուն, որ Հելենի հետ անի նույն բանը, ինչ անում է ինձ հետ։ Եվ դա անի իմ ներկայությամբ, անի ըստ իմ ցանկության, որպեսզի այդ աղջիկը տրվի այնտեղ, որտեղ ես եմ տրվում․․․»։ Այս անհանգուրդ ցանկությունը բնորոշ է դեռահասներին, երբ սահմանագիծը ոտքերի արանքում է, երբ վերջը դեռ չի նշմարվում․․․։ Գերակա է դառնում ռիթմը՝ տարփանքի հաճախականության ռիթմը։ Պատահական տարիք չէ ընտրել հեղինակը․ գուցե այս ամենը՝ դետալ առ դետալ, հենց իր հետ է պատահել։

«Մռայլ էր օրը, երբ մեռավ ավագ եղբայրս։ Իրականում նա մեռել էր փոքր եղբորս հետ», - ասում է հերոսուհին։ Կարծես թե հեղինակը առաջ է քաշում Կայենի ու Աբելի թեման։ Այն, իհարկե, սիմվոլիզմի միջոցով է ներկայացրել։ Կայենն ու Աբելը, ինչպես և աղջկա եղբայրները, իրենց մեջ ամփոփում էին ժամանակի բարքերը։ Որքա՞ն է անցել աստվածաշնչյան այդ թեմայից, շատ, անհաշվելի շատ ժամանակ, իսկ ի՞նչ է փոխվել, ոչինչ։

Գրողը չի շրջանցել նաև պատերազմի թեման։ Հերոսուհին այն համեմատել է ավագ եղբոր տիրապետության ժամանակաշրջանի հետ։ Այսինքն՝ այն սահմանափակումները, վախերը, ծեծ ու ջարդը, որ պատճառում է պատերազմը, եղել է նաև իրենց տանը, որը հրահրում էր ավագ եղբայրը։ Պատմել է Ստալինգրադի 1942-ի ձմռան վերջի, Փարիզի դատարկ պողոտաների, գետի, փողոցների մասին։

Ինչպես մուրացիկ կնոջ մեջ է ամփոփված ամբողջ քաղաքը, այնպես էլ վերջաբանի մեջ՝ սիրո գերադրական աստիճանը։ Տղամարդը կնոջ հետ վերադարձավ Փարիզ, զանգ տվեց աղջկան ու ասաց, որ ամեն ինչ առաջվա պես է, որ միշտ սիրել է նրան և սիրելու է մինչև մահ։ Փակուղի ու խառնաշփոթ է, երբ սիրում ես, բայց չես կարող ամբողջովին տրվել դրան։ Երբ ամեն ինչ կարծես ավարտված է, բայց սեր կոչվող հիվանդությունը ցավեցնում է ստամոքսդ, ձեռքերդ, ամբողջ մարմինդ՝ այդպիսով հիշեցնելով իր մասին։ Դառնում ես ծանրաքարշ ու անհաղորդ աշխարհին։ Ի՞նչ կլինի նրանց հետ, կհանդիպե՞ն արդյոք, ի՞նչ հաճախականությամբ, նու՞յն հափշտակությամբ կտրվեն իրար, ինչի՞ մասին կխոսեն, գուցե դեռ լռեն։ Դյուրասը ամեն բառի տակ տվել է այդ հարցի պատասխանը։ Միայն թե յուրաքանչյուրը դա կպատկերացնի ըստ իր աշխարհընկալման աստիճանի։

Անուշ Միրզոյան

22:00 27.04.2020