Հասարակական
Պահպանենք Հայաստանի՝ աշխարհում եզակի բնաշխարհը մեր եւ ապագա սերունդների համար
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։ Այն Երկիր մոլորակի բնակչությունը նշում է որպես բնության պահպանությամբ մտահոգ քաղաքացիների օր։ 1972-ից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Օրն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի։ Գլխավոր հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ արեց պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն մարդու նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանմանը եւ բարելավմանը։ Օրը դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարեւոր տոներից եւ ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր հիսուն երկրում։ Գլխավոր ասամբելայի 7-րդ նստաշրջանում, ընդունված որոշումից բացի, ստեղծվեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիրը (UNEP), որի ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։
Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը նշել է բնապահպանական այս գլխավոր տոնը, բայց մեր հանրապետությունը պաշտոնապես միայն 2004 թ. է օրը մտցրել իր տոների օրացույց՝ այն հռչակելով Բնապահպանի օր։ Հունիսի 5-ը հերթական առիթ է մեր երկրի քաղաքացիներին իրազեկելու եւ նրանց ուշադրությունը բեւեռելու հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ ունեցող եզակի երկրների թվին դասվող Հայաստանի բնության պահպանության գործընթացների վրա։
ՄԱԿ-ն ամեն տարի հայտարարում է օրվա խորհուրդը։ Այս տարվա թեման «Կենսաբազմազանությունն» է։ Համավարակի պատճառով այս տարի օրվա միջոցառումները ողջ աշխարհում կկազմակերպվեն վիրտուալ տարածքում։ Տարվա թեման՝ «Կենսաբազմազանությունը», Հայաստանի համար ունի առանձնակի նշանակություն։ Մեր հանրապետությունը եվրոպական տարածաշրջանի՝ հարուստ կենսաբազմազանության առումով երկու թեժ շրջաններից մեկում է, եւ այսօր կանգնած ենք այն պահպանելու ու սերունդներին փոխանցելու խնդրի առաջ։
Հայաստանի տեղադիրքը եւ ռելիեֆը նպաստել են, որպեսզի այստեղ ձեւավորվի հարուստ կենսաբազմազանություն եւ միայն մեր տարածքին բնորոշ կենդանական ու բուսական էնդեմիկ տեսակներ։ Մեր երկրում առկա են շուրջ 3600 տեսակի բարձրակարգ բույսեր, 550 տեսակի ողնաշարավոր եւ շուրջ 17000 տեսակի անողնաշար կենդանիներ։ Այլ կերպ ասած՝ Կովկասի տարածաշրջանի կենդանական եւ բուսական աշխարհի գրեթե կեսն առկա է Հայաստանում։
Սակայն խորհրդային տարիներից սկսված արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեծ ծավալներով զարգացման, ինչպես նաեւ մարդու բացասական ներգործության հետեւանքով մեր երկրի կենդանական ու բուսական աշխարհի մի շարք տեսակներ այսօր անհետացման եզրին են։ Այսօր Հայաստանի Հանրապետության հաստափոր Կարմիր գրքերում ընդգրկված են վերացման եզրին կանգնած 452 բուսական (ընդհանուր ֆլորայի 12, 5 տոկոսը) եւ ֆաունայի 308 (մոտ 2 տոկոս) տեսակ։ Ներկայում բացասական ազդեցություն են կրել մեր երկրի գրեթե բոլոր էկոհամակարգերը՝ անտառը, տարբեր լանդշաֆտների էկոհամակարգերը, ինչպես նաեւ տարածաշրջանում եզակի՝ Սեւանա լճի ջրային էկոհամակարգը։
Հայաստանի Հանրապետությունն անկախացման առաջին տարիներից ուշադրության կենտրոնում է պահել շրջակա միջավայրի պահպանության խնդիրները՝ ստեղծելով ոլորտի լիազոր մարմին՝ նախարարություն, եւ ունենալով բազմաթիվ առաջնային լուծման կարիք զգացող սոցիալական ու տնտեսական հիմնախնդիրներ, միջոցներ ու ռեսուրսներ է տրամադրել նաեւ բնության պահպանության հարցերի լուծմանը։ Օրինաչափությունների շարքին կարելի է դասել այն, որ Հայաստանի գործող կառավարությունը բնապահպանությունն առաջնահերթություն հռչակեց։
Ներկայում շրջակա միջավայրի նախարարության վարած քաղաքականության եւ աշխատանքների արդյունքում ձեւավորվում են օրենսդրական խիստ մեխանիզմներ՝ մարդու եւ տնտեսավարողների կողմից բնության վրա ճնշումը թուլացնելու նպատակով, կայունացվում է բնական ռեսուրսների օգտագործումը, նաեւ՝ ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության համատեքստում։ Կատարելագործվում են իրավական կարգավորումները, որոնք ուղղված են կենդանական եւ բուսական աշխարհի պահպանությանն ու վերահսկմանը։ Էական քայլեր են արվում ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ռեսուրսների պահպանման ուղղությամբ, ուժեղացվել է շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգը, որն առաջնային նշանակություն ունի խնդիրների վերհանման եւ դրանց լուծման քաղաքականության մշակման համար։
Բնապահպանական նպատակների համար պետությունը ներդնում է զգալի ռեսուրսներ եւ ներգրավում նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությունը։ Սակայն միայն պետական գործիքակազմի օգտագործումն ակնկալվող արդյունքների չի հանգեցնի, եթե այս կարեւոր գործին չներգրավվի հասարակությունը։
Հունիսի 5-ը հերթական առիթն է հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա բեւեռելու համար։ Մեր հարուստ բնաշխարհի պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու առաքելությունը։ Մենք պետք է բնությունից վերցնենք այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար եւ հոգ տանենք սերունդների կենսաապահովման բնական պայմանների մասին։ Հետեւաբար, բնության պահպանության մշակույթը պետք է արմատավորվի մեր հասարակության մեջ, առանց որի հնարավոր չի լինի պետության կայուն զարգացումը, եւ կվտանգվի ապագան։
Իսկ այս գերխնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ յուրաքնաչյուրս գիտակցենք, որ սեփական տան մուտքից եւ պատուհանից այն կողմ գտնվողը մեր, մեր երեխաների եւ մեր սերունդների սեփականությունն է։
Արմեն Վարդանյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ