Հասարակական
Սեփական արտադրության միջոցներ բնական հումքից
Խնամված ու կոկիկ մաշկ ունենալու համար բնավ էլ պետք չեն բուժական միջամտություններ կամ թանկարժեք պրոցեդուրաներ, պետք են բնական խնամքի միջոցներ և դրանց ճիշտ գործածումը։
Բյութի բլոգեր և բուժական կոսմետոլոգիա ուսումնասիրող Աննա Սեմերջյանը երաշխավորում է իր պատրաստած խնամքի դիմակների, օճառների, յուղերի անվտանգությունը այնքանով, որ դրանք պարունակում են սերտիֆիկացված բնական հումք։
Օճառները արտաքուստ տարբերվում են, կարող են լինել թե ֆուտբոլի գնդակի, թե որևէ ծաղկի կամ այլ պատկերով։
«Պատրաստելիս միացնում եմ երաժշտություն ու կենտրոնանում, որ գեղեցիկ ստացվի, ինձ համար տեսքը շատ կարևոր է, եթե իմ սրտով չի լինում, քանդում եմ, նորից անում, այնքան, մինչև ինձ դուր գա։ Բնականաբար, բաղադրությունն էլ պակաս կարևոր չէ, փորձում եմ համատեղել գեղեցիկն ու օգտակարը»։
Օճառագործությունը սովորել է օնլայն տարբերակով, հետևելով հիմնականում օտարերկրացի մասնագետներին և նրան կազմակերպած տեսադասերին, երբեմն անգամ անմիջապես նրանց հետ կապ հաստատելով նամակագրության միջոցով։
Խնամքի միջոցներ պատրաստելը հեշտ գործընթաց չի համարում, հարկավոր է վառ երևակայություն ունենալ, տիրապետել դրանց օգտակարության ու հակացուցումների մասին ամբողջ տեղեկատվությանը, իմանալ յուրաքանչյուր միջոցի բաղադրությունը։
Խնամքի պարագաները պիտանելիության տարբեր ժամկետներ ունեն՝ պատրաստման օրից մինչև մեկ տարի։
Ինքս օգտագործում եմ իմ պատրաստածները, իսկ պատվերներ ընդունելիս ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում, հաճախորդի հետ քննարկում նույնիսկ ամենափոքր դետալները, լսում նրա կարծիքը, առաջարկում իմը»։
Աննան նշում է, որ խնամքի միջոցների գները ձևավորվում են գործածվող նյութերի գներով և կատարած աշխատանքի ծավալով ։ Լինում են քմահաճ հաճախորդներ, որ երբեմն ամենատարբեր ձևավորումներով են ուզում օճառը, որի պատրաստումը ավելի աշխատատար և ժամանակատար է։
Խնամքի միջոցները կրում են Semerjyan beauty system անվանումը։ Արտադրանքը առաքվում է ոչ միայն Հայաստանի տարբեր քաղաքներ, այլև մի շարք երկրներ։
Աննայի խոսքով՝ շուկայում դեռ ոչ այդքան հայտնի, բայց և բավականին շատ պահանջարկ ունեցող իր պատրաստած կոսմետիկ միջոցները թույլ են տալիս մտածել ավելի շատ աշխատելու և բիզնեսը ընդլայնելու մասին։
Սոնա Սողոմոնյան