Զանգեզուր TV
Անգլերենը հուշում է և պարտադրում
Հայաստանի կրթական հաստատություններում որպես օտար լեզու հիմնականում դասավանդվում են անգլերենը և ռուսաց լեզուն: Սակայն վերջին տարիներին ավելի մեծ կարևորություն է տրվում անգլերենին:
Հայաստանի մի քանի համալսարանների որոշ ֆակուլտետներում, մասնավորապես ժուռնալիստիկայի ֆակուլտետում, հաճախ են բախվում անգլերենի ուսուցման կիրառվող մեթոդիկայի առաջացրած խնդիրների հետ։
Երևանի պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի սովորող Աննա Կարապետյանը ասում է, որ տհաճությամբ է հիշում անգլերենի դասաժամերը:
«Մեզ հենց առաջին կուրսից հանձնարարում էին մի դասագիրք, որը սովորողին պարտադրում էր ունենալ լեզվի իմացության լուրջ պաշար :Սովորողների մեծ մասը շատ էր դժվարանում, ես՝ այդ թվում։ Նյութերը շատ բարդ էին, իսկ երբ գանգատվում էինք, մեզ ասում էին ,որ մինչև բուհ գալը անգլերենից պիտի բարձր մակարդակ ունենայինք:»
Աննան մագիստրատուրայում էլ է ուսումնասիրում անգլերենը և իր համար հիմա ավելի դժվար է, քան նախորդ 4 տարում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Զարուհի Ղազարյանը նշեց, որ իրենց դպրոցում անգլերեն գրեթե չեն սովորեցրել, շատերը, միևնույն է, դասերից դուրս մասնավորի մոտ են պարապում, իսկ օտար լեզվին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում։
«Բուհը հավանաբար վստահում է դպրոցին և կարծում, թե դիմորդները գոնե բազային գիտելիքներ կունենան: Եվ արդեն ընդունված դիմորդը իր կիսատ-պռատ իմացությամբ մուտք է գործում բարձր մակարդակ պահաջող դաշտ և խնդիրների առջև կանգնում: Դա նույնն է, ինչ առանց գիտելիքի պատրաստվես վեպ գրելու:»
Զարուհին արդեն մի քանի ամիս է՝ մասնավոր պարապմունքի է հաճախում, որի համար կրկնակի ավելի է վճարում, քան բուհի ուսման վարձն է:
ԵՊՀ անգլերենի դասախոս Նունե Թովմասյանը 20 տարուց ավելի է դասավանդում ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Նրա կարծիքով՝ է ամեն ինչ կախված է ուսանողի ցանկությունից։ Ոմանք համալսարանում ավելի են կատարելագործում իրենց անգլերենը, ոմանք էլ չեն ձգտում նվազագույնը իմանալ:
«Ուսանողները չեն շտապում գիտակցել, թե այդ լեզուն որքան է իրենց պետք գալու: Լավ կլիներ վերականգնել առարկայի ընդունելության միասնական քննությունը: Կարելի է նաև հետ մնացող ուսանողների համար նախատեսել հավելյալ ժամեր։»
Տիկին Թովմասյանի խոսքով` այստեղ նաև դասաժամերի խնդիր կա, ըստ նրա` շաբաթական 2-3 հանդիպումը հատկապես նկատելի առաջադիմություն չունեցող ուսանողների համար բավարար չէ: Կարելի է նաև խմբերը փոքրացնել, բազմամարդ խմբում հնարավոր չէ հավասարաչափ շարժվել առաջ:
Տարիներ շարունակ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար անգլերենի միասնական քննություն չի անցկացվում:
Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը հիշում է,որ նախկինում դիմորդները ընդունվում էին հայոց լեզու, անգլերեն և ստեղծագործական աշխատանք առարկաներից քննություն հանձնելով։ Երբ նրանք մտնում էին ֆակուլտետ ,ժուռնալիստիկայի մասին նույնիսկ պատկերացում չունեին, այդ պատճառով առաջին կուրսում ժուռնալիստիկայի այբուբենի ուսուցում էին սկսում:
«Մտածեցինք, որ մեզ պետք են իրենց արդեն լրագրող պատկերացնող, ժուռնալիստիկային փոքր-ինչ ծանոթ ուսանողներ: Դրա համար դուրս մղվեց անգլերենը ,փոխարենը առաջացավ բանավոր հաղորդակցման մշակույթը։ Դրա շնորհիվ դիմորդները սկսեցին ուսումնասիրել ոլորտը, ռադիո լսել, թերթ կարդալ քննության պատրաստվելու համար:»
Երբ ուսանողը առանց անգլերենի քննության ընդունվում է և դժվարությամբ սովորում որպես մասնագիտական առարկա, պարոն Պետրոսյանի դիտարկմամբ նման ուսանողների թիվը քիչ և որակ չի կարող կազմել:
ԵՊՀ անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ Ելենա Երզնկյանը նշում է, որ իրենք տարբերակներ են մշակում, փոխում են ծրագրերը , մակարդակները համապատասխանեցնելու նպատակով, որպեսզի արդյունավետ լինի և' ուսանողի, և' դասախոսի համար:
«Խմբերը բաժանում ենք ըստ ատեստատի գնահատականի՝ ուժեղ, միջին և թույլ: Այս բաժանումը սկզբնական շրջանում սուբյեկտիվ է, հետո փոփոխման ենթակա։
Նույն խնդիրը հանդիպում է նաև ռուսերենի դեպքում։»
Կան դպրոցներ, որտեղ գերմաներեն կամ ֆրանսերեն են դասավանդում, եթե այդպիսի ուսանողները շատ են, օրինակ`10-15 հոգի, բացվում է առանձին խումբ ,որտեղ դասավանդվում է իրենց սովորած լեզուն, իսկ եթե քիչ են, ապա ստիպված են միանալ անգլերենի խմբերին ու սովորել այդ լեզուն:
Առանց այդ էլ մեր կրթական համակարգը ունի բազում խնդիրներ։ Դրանցից ոչ մեկը ինքնուրույն լուծվել չի կարող։ Ուստի հարկավոր է ամենօրյա աշխատանքով կատարելագործել կրթության ոլորտը, սկսելով ամենատարրական քայլերից, որպեսզի դպրոցը բուհին տա լիարժեք գիտելիքներով շրջանավարտ, իսկ բուհը այդ հիմքի վրա երկրի համար պատրաստի որակյալ մասնագետներ։
Հեղինակ՝ Սոնա Սողոմոնյան