Սյունիք
Մեղրու խճաքարի հանքավայրը նորից կշահագործվի՝ բաց եղանակով
2021թ.-ի հունիսի 29-ին, ժամը 14:00-ին Մեղրիի համայնքապետարանում նախատեսված է «Ավազ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Մալևի մոնցոդիտորների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: Այս մասին տեղականում ենք ՇՄՆ հայտարարությունների բաժնից։
Նշենք, որ մոնցոդիորիտները մեծ տարածում ունեն Մեղրի համայնքի հարավային մասում։ Թե ի՞նչ հանքավայրի արդյունահանման մասին է խոսքը, «Panorama.am»-ը զրուցեց Մեղրիի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մհեր Ղազարյանի հետ։
«Խորհրդային տարիներին Մեղրիում գործել է խճաքարի գործարան,որի հումքը բերվել է նույն տեղից։ Հիմա այդ նույն հումքի վրա ուզում են շահագործել և ստանալ տարբեր նպատակներով օգտագործվող ավազ։ Այսինքն՝ հանքավայրի շահագործման արդյունքում այդ տեսակի քարը մանրացվում է, արդյունքում ստացվում է ավազ։ Օգտագործվում է շինարարության մեջ ՝ ճանապարհների, բետոնի և այլնի համար։ Մեղրի համայնքի համար աշխատատեղեր կլինեն։ Պարտադիր բաղադրիչ է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար տարեկան որոշակի գումարի հատկացումը։ Այն կօգտագործվի ազդակիր բնակավայրի մանկապարտեզի, ճանապարհների նորոգման համար»,- ասաց Մհեր Ղազարյանը։
Հարկ է նշել,որ քարի հանքավայրի ՝ բաց եղանակով շահագործումը նույնպես շրջակա միջավայրի համար բնապահպանական խնդիրներ կարող է առաջացել, քանի շահագործման ընթացքում առաջանում փոշու մեծ քանակ։
Մեր դիտարկմանը ,թե ինչ ռիսկեր կան գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար։ Արդյոք փոշու նման քանակությունը վտանագավոր չէ, Ղազարյանն արձագանքեց, որ հանքավայրը բավականին հեռու է գտնվում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից։ Թեև նշեց, որ ավելի խորը մասնագիտական կարծիք կամ դիտարկում ակնկալում են լսել հանրային քննարկման ընթացքում։ Համայնքապետարանի ներկայացուցիչը վստահեցրեց, որ բնակչությանն իրազեկել են քննարկման մասին։
Համաձայն՝ «Ավազ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի, Մալևի մոնցոդիորիտների հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Ալվանք գյուղից 1.0-1.5 կմ հարավ-արևմուտք, Մեղրի քաղաքից 9 կմ արևելք: Հանքավայրից ընդամենը 0.6 կմ հարավ անցնելու է Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան ավտոմայրուղին: Մոտակա բնակավայրերն են՝ քաղաքներ Մեղրին, Ագարակը և Ալվանք, Շվանիձոր գյուղերը:
Նշենք, որ տեղանքում երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են 2004թ.-2006թ-ին «ՄԻՆԳԱՄԻ» ՍՊԸ-ի կողմից։ ՀՀ Սյունիքի մարզի Մալևի մոնցոդիորիտների հանքավայրի պաշարները հաստատվել են ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալության Պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կողմից 2006 թվականի հունիսին, ըստ որի ՝ հաստատված պաշարների քանակը կազմում է 848.8 հազ.մ3։
Ընկերությունը հիմնվելով նշված ՇՄԱԳ փորձաքննության արդյունքների վրա առ այն, որ հանքավայրում սողանքներ, սահքեր և այլ բացասական գեոդինամիկ երևույթներ չեն արձանագրվել, եզրակացրել են, որ Մալևի մոնցոդիորիտների հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանները` դրա բաց եղանակով շահագործման համար, բարենպաստ են:
Մեղրիում գտնվող «Մխիթար Սպարապետ» Բնապահպանական հասարակական կազմակերպությունից տեղեկացանք, որ ի տարբերություն մետաղական հանքերի, որոնք շահագործվում են համայնքում , քարե հանքի շահագործման ռիսկերը նվազեցված են։ Մեզ փոխանցեցին, որ նշված հանքավայրը վաղուց է շահագործվել և տեղացիների համար վերջինիս գործունեությունը նորություն չէ։
Աղբյուր` Panorama.am