Քաղաքական
Ով կհաջորդի «Իսլամական պետությանը»
Հուլիս 11-ի առավոտյան «Իսլամական պետություն» (ԻՊ) միջազգային ահաբեկչական խմբավորման աղբյուրը հաստատել է իր պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի մահվան փաստը: Այս հնչեղ նորությունը տարածվում է Մոսուլում իրաքյան կառավարական ուժերի տարած հաղթանակի, Ռաքքայում շարունակվող մարտերի, ինչպես նաև Դեյր Էզ-Զորի գործողությանը նախապատրաստվելու համատեքստում: ԻՊ-ն հաստատուն կերպով տարածքներ է կորցնում, և հարցերն այն մասին, թե արմատական իսլամիզմը մոտ ապագայում ինչպիսի կերպափոխություն է ապրելու Մերձավոր Արևելքում, բարձրաձայնվում են ավելի ու ավելի հաճախ:
Խոշոր խաղացողների շահերը
Ամերիկացիների համար գրեթե հստակ են օրվա պատկերն ու սեփական շահերի սպառնալիքները: Նրանք կարծում են՝ եթե ոչինչ չարվի, ապա ԻՊ-ն ջախջախելու արդյունքում առաջացած վակուումը կլցնեն ՌԴ-ն և Իրանը շնորհիվ զանազան ուղղությունների հարող շիայական ապստամբների և «Հիզբոլլահի»: ԱՄՆ-ում նման սցենար թույլ տալ չեն կարող. Իրանի զորացումը սպառնում է ամերիկացիների դաշնակիցներ Իսրայելի և Հորդանանի շահերին:
Ավելին՝ երևացող ընդհանուր թշնամու վերացմամբ ավելի շուտ կսրվեն բոլոր ընթացիկ հակամարտությունները քրդերի և թուրքերի միջև, Էրբիլի և Բաղդադի միջև, Յեմենում սաուդցիների և իրանցիների միջև, եգիպտական իշխանությունների և բուն Եգիպտոսում գտնվող ահաբեկիչների միջև, Ծոցի միապետությունների և Կատարի միջև, սիրիական իշխանությունների և Իսրայելի միջև, թուրքական իսլամիստների և առավել աշխարհիկ ուղու կողմնակիցների միջև: Սպասվում է՝ շիա քարոզիչ Մուքթադա աս-Սադրը, Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքին և գործող վարչապետ Հայդեր ալ-Աբադին երկրում պայքար կսկսեն հանուն իշխանության:
ԱՄՆ-ում այսօր դիտարկում են Սիրիայում և Իրաքում ռազմական մշտական ներկայություն ունենալու տարբերակներ: Հարցը նրանում է, թե ինչպիսի պայմաններում և որքան քանակությամբ: Ինչպիսին կլինի քրդերին աջակցությունը, եթե այն ընդհանրապես լինի, նկատի առնելով Թուրքիայի հետ փոխհարաբերությունները: Եթե Նահանգները դադարի օգնել քրդերին, ապա վերջիններս հովանավորություն կսկսեն փնտրել՝ ի դեմս Իրանին, Սիրիային և ՌԴ-ին առնչվող ուժերի: