ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախն ասում է վճռական ՈՉ բոլոր այն ուժերին, ովքեր կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել. Աբրահամյան
11:11 14.03.2023

Արցախն ասում է վճռական ՈՉ բոլոր այն ուժերին, ովքեր կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել. Աբրահամյան

 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

 

Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ ազգային-ազատագրական պայքարի հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումներն անփոփոխ են և դրանք պետք է ուղենիշային լինեն նաև ՀՀ իշխանության համար:

Նրանում մասնավորապես նշվում է` Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են ՀՀ իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Փաշինյանի մամուլի ասուլիսին ընդառաջ այս համատեղ հայտարարությունն իր մեջ բազմաթիվ ուղերձներ է պարունակում: Չնայած դրանում հղում է արվում ՀՀ իշխանությանը, սակայն ազդանշաններ գնում է նաև այլ հասցեատերերի:

Առաջին, սա ուղղված է բոլոր այն շրջանակներին` ներսում, թե դրսում, ովքեր Արցախի հարցը դիտարկում են ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի հետ ինտեգրման շրջանակներում:

Երկրորդ, սա պատասխանն է ՀՀ այն պաշտոնյաներին` Փաշինյանից մինչև արմատներով արցախցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ովքեր Արցախի հարցը դիտարկում են, ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ զուտ արցախցիների իրավունքների և ազատությունների շրջանակներում:

Երրորդ, սա ուղերձ է Ադրբեջանին առ այն, որ Արցախը մերժում է հարցի ցանկացած կարգավորում, որը չի ներառում ինքնորոշման իրսվունքի սկզբունքը և գործընթացը մղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթ:

Չորրորդ, Արցախն ասում է վճռական ՈՉ բոլոր այն ուժերին, ովքեր կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել:

 

11:11 14.03.2023