ԱՎԵԼԻՆ

Իրավունք

«Շահրամանյանի անվտանգության աշխատակցի տունը խուզարկել են կանոնների կոպիտ խախտումներով, ընտանիքի անդամներին դուրս են հրավիրել». պաշտպան
17:06 22.02.2024

«Շահրամանյանի անվտանգության աշխատակցի տունը խուզարկել են կանոնների կոպիտ խախտումներով, ընտանիքի անդամներին դուրս են հրավիրել». պաշտպան

Քիչ առաջ ԱՀ նախագահի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի տան խուզարկությունը ավարտվել է։ Քննությանը վերաբերող որևէ գույք կամ իր, որոնք կապ ունեն թմրանյութի հետ, չի հայտնաբերվել։ ABC media-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի թիկնապահ Աշոտ Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Աշոտ Դանիելյանի բնակարանի խուզարկությունը իրականացվել է դատավարական կանոնների կոպիտ խախտմամբ։ Ներկայացել են 3 տղամարդ ու տնից դուրս հրավիրել Դանիելյանի ընտանիքի և՛ չափահաս, և՛ անչափահաս անդամներին։ Բնակարանի օրինական տերը ցանկություն է հայտնել՝ ներկա գտնվելու խուզարկության ընթացքին, ինչը մերժվել է։ Նա նաև խոսել է փաստաբանի ներկայության մասին, ինչը ևս մերժվել է։ Երբ տեղ հասա, խուզարկությունն արդեն ավարտված էր։ Ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել և վաղուց փարատված են Դանիելյանի՝ թմրանյութի օգտագործման ու իրացման կասկածները»,- նշել է Երիցյանը։

Եթե կասկածները փարատված են, ինչու՞ է Դանիելյանը ձերբակալված հարցին փաստաբանը պատասխանեն չունի: «Ես էլ նույն հարցը բարձրաձայնել եմ ու որևէ պատասխան չեմ ստացել։ Կասկածը հիմնավորող որևէ փաստ չկա։ Եթե Աշոտ Դանիելյանին ավտոմեքենայում, տանը ինչ-որ բան, իր հայտնաբերեին օրինակ՝ գլանակ և այլն, կարող ենք էլի հասկանալ, բայց թե հիմա ինչո՞ւ են նրան պահում, իրավաբանորեն բացատրություն չկա։ Նրան այնպես են ձերբակալել, ասես՝ահաբեկչական օպերացիայի մասնակից լիներ»,-ասել է նա։

Սա առաջին հերթին անհիմն հետապնդում է՝ կարծում է Երիցյանն ու նշում։

«Իմ անձնական կարծիքը այն է, որ մեսիջ է ուղղված արցախցիներին՝ հնարավորինս հանգիստ լինելու, ուրիշ՝ ոչինչ»,- եզրափակում է փաստաբան Աշոտ Երիցյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել քրեական ոստիկանություն՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։

Արցախցի Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է:

Անի Աբաղյան

Աղբյուրը՝ ABC MEDIA

17:06 22.02.2024