Աշխարհ
«Իսրայելը համաձայնել է հրադադարի Ռամադանի ընթացքում»․ Բայդեն
Իսրայելի կառավարությունը համաձայնել է մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում ռազմական գործողություններ չծավալել, որպեսզի այդ ընթացքում ազատ արձակվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդները։ Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Առաջին հերթին, պատանդները պետք է ազատ արձակվեն: Իսրայելցիները համաձայնել են, որ Ռամադանի ընթացքում չեն զբաղվելու որևէ գործունեությամբ, որպեսզի մեզ ժամանակ տան բոլոր պատանդներին դուրս բերելու համար», – ասել է Բայդենը։
Ռամադանը սկսվում է մարտի 10-ին։
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահը հույս էր հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք կբերվի մինչև մարտի 4-ը։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 29 700-ը։
Աղբյուրը՝ 168.am