ԱՎԵԼԻՆ

Արցախ

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը․ հայտարարություն
16:44 14.03.2024

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը․ հայտարարություն

Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր:

Հայտարարությունում նաև ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։

Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։

Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։

Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։

Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։ Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝ հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

 

«Հայ հեղափոխական դաշնակցության» արցախյան կառույց

 

Արցախի «Արդարություն» կուսակցություն

 

Արցախի «ժողովրդավարական» կուսակցություն

 

«Հայաստան» դաշինք

 

«Պատիվ ունեմ» դաշինք

 

«Ազգային անվտանգություն» կուսակցություն

 

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն

 

«Հայաստանի հանրապետական» կուսակցություն

 

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն

 

«Միասին» շարժում

 

Փոխանցում է  ABC MEDIA-ն

16:44 14.03.2024