Տնտեսական
Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2%-ով
2017 թվականի առաջին 10 ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2%-ով: Այս մասին հայտնել է երկրի պետական վիճակագրական ծառայությունը, որին հղում է կատարում APA գործակալությունը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:
Ծառայության տվյալների համաձայն՝ 2,6%-ով նվազել են նաև շուկա արտահանվող գազի ծավալները, 0,9%-ով՝ նավթի թափոնների մշակման ծավալները:
Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումների՝ 2017թ. Ադրբեջանի տնտեսությունում գրանցված հետընթացը կկազմի 1,3% նախկին 1,1%-ի փոխարեն: Բանկի հրապարակման մեջ ասվում է, որ նվազում է գրանցվել արդյունաբերության մեջ՝ 5,8%, և նավթարդյունաբերության ոլորտում՝ 9%, ինչն առիթ կհանդիսանա Ադրբեջանի ՀՆԱ-ն վերանայելու համար:
Միջին տարեկան գնաճն Ադրբեջանում, ըստ բանկի կանխատեսումների, 2017թ. ավարտին կկազմի 14%, թեև նախորդ զեկույցում ակնկալվում էր 9%: Բանկը 2018թ. համար 10% գնաճ է կանխատեսել, թեև նախկինում՝ 8% էր:
Լուսանկարը՝ Yahoo.com-ի