Հասարակական
Հայաստանում հնարավոր կդառնա շրջագայել նաև ուղղաթիռներով
Առաջիկայում Հայաստանի երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները: ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Անհրաժեշտ ներդրումների ապահովման, ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում ՀՀ-ում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:
Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով ՀՀ Կառավարության՝ 2018 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար կօգտվի մաքսային արտոնություններից, ասված է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում իրականացնել մոտ 10 մլն դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր:
Ծրագրի բարեհաջող իրականացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային ներուժի մեծացմանը և փոխադրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը:
Լուսանկարը՝ GroupOn.co.uk-ի