Հասարակական
Ներգաղթը ժամանակի հարց է. Սերժ Թանկյան
Ներգաղթը, հայրենադարձությունը ժամանակի հարց է. այս մասին մայիսի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով այսօր «ԵԼՔ» խմբակցության պատգամավորների ու այլ համակիրների հետ եկել էր Ազգային Ժողով:
«Շատ հպարտ եմ այսօր ներկա գտնվել»,- ասել է Սերժ Թանկյանը, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը, ու ավելացրել,- «2015–ին System of a down խմբի ժամանակ արդեն մեր տեսած այդ եռանդը և ժպիտները երիտասարդության նաև տեսանք փողոցներում այս ամիս: Նույն եռանդն էր, նույն ուրախությունը և նույն հուսալիրությունն էր, որ այս հեղափոխության կարևոր մաս եղավ: Եվ ես գիտեի, որ այս ժպիտները այս հանգամանքի պիտի հասնեին, չգիտեի՝ որքան ժամանակ հետո»:
Հարցին, թե Հայաստանում մայիսի 8-ից հետո մթնոլորտը փոխվելու՞ է, արդյոք կասեցվելու՞ է մեր երկիրը հյուծող արտագաղթը, երաժիշտն ասել է. «Անպայման լինելու է ներգաղթ: Դա ժամանակի հարց է և ժամանակով, բարեփոխումներով պիտի փոխվի այդ երևույթը»:
Աշխարհահռչակ երաժիշտը նշել է, որ սա միայն լավ փոփոխությունների սկիզբն է, չնայած նշել է, որ ահռելի աշխատանք կա անելու:
Կոնկրետ հարցին, թե ինքը ե՞րբ է հաստատվելու Հայաստանում, երաժիշտն ասել է.«Ես թափառական անձ ու երաժիշտ եմ, և տարին բոլոր պտտվում եմ աշխարհով: Բայց անպայման ուզում եմ տարեկան 1-2 ամիս անցկացնել Հայաստանում»:
Հարցին, թե չի՞ մտափոխվել Հայաստանում համերգ տալու առումով, Սերժ Թանկյանն ասել է.«Հիմա հենց Ազգային Ժողովի մեջ համերգ տալու՞ եմ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքան է մնալու Հայաստանում, ապա ասել է, որ մեկ շաբաթի չափ կմնա, և մոտ ապագայում կրկին կվերադառնա:
Լուսանկարը՝ BetOnPolitics.com-ի