ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նա շատերին արթնացրեց նիրհից
19:00 19.08.2018

Նա շատերին արթնացրեց նիրհից

Համլետ Հմայակի Քոչարյան

Մի՛ քնիր, իմ բալի՛կ,

Տե՛ս, արթուն է թշնամին:

Վե՛ր, ետ բերենք հույսը մեր`

Արցախ, Մասիս մեր անտեր:

Վե՛ր, ետ բերենք լույսը մեր`

Մուշն ու Անին մեր ավեր:

Համլետ Քոչարյանի երգերից…

«Հանրապետության ամենատաղանդավոր մարդկանցից մեկն էր, ամենատաղանդավորն ու ամենաողբերգիկը: Համլետը գաղափարի մարտիկ էր, իսկ գաղափարը չի մեռնում: Հարյուր տեսակ կառավարություն կփոխվի, բայց նրա նման մարդիկ են, որ երկիրը երկիր են պահում, կառավարությունը՝ կառավարություն: Քանի որ մենք ունենք Համլետի պես մարդիկ, ազգը չի մեռնի»:

Վազգեն Սարգսյան

Կենսագրական

1951թ. հոկտեմբերի 4-ին Կապանի շրջանի Սևաքար գյուղում ծնվեց ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ Համլետ Քոչարյանը․ «Ինձ թվում էր, որ ողջ կյանքս անընդմեջ փախուստ է որբության բանտից։ Անխինդ երգ էր մանկությունից բաժին ընկած, որի հետ ես հաշտվել չէի ուզում...»։

1969-1971թթ. ծառայության է անցնում ԽՍՀՄ զինված ուժերում: Ամուսնացել էր Մարիետա Սողոմոնյանի հետ, ունի երկու դուստր:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Սյունիքի մարզի Աչախլու գյուղը վերանվանվել է նրա պատվին՝ Համլետավան:

Մարտական ուղի

1988թ․ կազմավորել է «Հայոց պատմական իրավունքի միավորում» կամավորական ջոկատը և «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական ընկերությունը: 1990թ. Կապանի մերձակա Սեյիդլար ադրբեջանական գյուղում գերեվարվում է և պահվում Բաքվի Բայիլի բանտում, ութ ամիս անց տեղի է ունենում գերիների փոխանակում, և Համլետ Քոչարյանը վերադառնում է իր երկիր: 1990-91թթ. մասնակցել է Կապանի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի, Գորիսի շրջանի Շուռնուխ, Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Համլետ Քոչարյանը էներգիայով ու համառությամբ օժտված էր ոչ միայն  մարտի դաշտում, այլև քաղաքական ու հասարակական հարթակում հայտնի հռետոր էր. «91 թիվ, կոչերը ազգիս. մի պահ ձեզ հայ զգացեք»:

Որպես «ծայրահեղական-ղարաբաղական» ձերբակալվում է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից, բայց շուտով ազատ է արձակվում և հիմնադրում է ռազմական ջոկատ: Ինչպես մարտական ընկերներն են ասում՝ ժամանակից առաջ ընկած՝ ուզում էր բոլոր թուրքերից մեկ առ մեկ մաքրազերծել երկիրը, մասնավորապես լեռնահայաստան Սյունիքը: 1991-ի մայիսի 6-ին Համլետ Քոչարյանը, նախապատրաստվելով հակառակորդի դեմ մարտի՝ զենքի փորձարկման ժամանակ զոհվեց պայթյունից:

Լավ է հայրս մահանար, քան Համլետը

Տողերիս հեղինակի հայրը՝ Արթուր Միրզոյանը, նրա մարտական ընկերներից է: Նրա խոսքով՝ Համլետից շատ բան կարելի էր սովորել: «Առաջին հերթին ընկերս առանձնանում էր արագ կողմնորոշվելու հատկությամբ, նույնիսկ ամենաանորոշ իրադրությունում մի ելք գտնում էր: Իսկ դա, կարծում եմ, կարևոր պայման է մարտի դաշտում: Նժդեհի գաղափարակիցն էր: Մահվան գիտակցումով էր մարտի դաշտում, հանձնվելը կամ զիջելը նրանը չէր: Մի անգամ մեքենայով գնալիս փամփուշտ արձակեց, որն անմիջապես հաղորդալարը կիսեց մասերի: Երբ նյարդայնանում էր, սկսում էր «խաղալ» զենքով, ձեռքերը կարծես քոր էին գալիս, նույնը լինում էր, երբ ուրախ էր, մասնավորապես, երբ բարեհաջող վերադառնում էինք որևէ ինքնապաշտպանական մարտից: Ականը ձեռքին՝ պայթեց. դա այն գրողի տարած ականն էր, որը րոպեներ առաջ իմ ձեռքում էր: Սկսեցի բարձր բղավել, որ լավ կլիներ հայրս մահանար, քան Համլետը: Այդ պահերը իմ հիշողության մեջ դրոշմված  են մինչև հիմա…»:

Հայրս Համլետ Քոչարյանն է, և ես հպարտ եմ

Համլետ Քոչարյանի ընտանիքն այժմ ապրում է Երևանում: Ավագ դուստրը՝ Էյլին, աշխատում է պաշտպանության նախարարությունում, կրտսեր դուստրը՝ Անին, ամուսնացած է և երկու արու զավակ ունի՝ Ալեքսանդրը և Ռոբերտը։ «Փոքր եմ եղել, գրեթե ոչինչ չեմ հիշում, բայց մայրս և նրա մարտական ընկերները ինձ ու քրոջս պատմել են նրա մասին: Ես հպարտ եմ, որ Համլետ Քոչարյանի դուստրն եմ: Մայրս պատմել է, թե որքան խիստ հայր է եղել, իդեալական ամուսին: Իսկ ընկերների հիշողության մեջ՝ նվիրված ընկերներին, հայրենիքի պաշտպանության սուրբ գործին», - նշեց Անին:

Համլետ Քոչարյան անունը տիկին Մարիետային կամա-ակամա տեղափոխում է զգացմունքային դաշտ: Ասում է ՝ ամուսնացել էր մեկի հետ, ով ոչ միայն հայրենիքի բարօրության մշտական ջատագովն էր, ոչ միայն  տղամարդուն բնորոշ հերոսականությամբ կռվի դաշտում էր, այլև նույնքան ազդեցիկ՝ տանը: «Հեշտ չէր Համլետի պես ամուսին կորցնելը, այնքան անսովոր է անցնում այս 27 տարին, սկզբում հատկապես բավականին բարդ էր, հետո կամաց-կամաց հարմարվում ես: Երկար ժամանակ նրան հիշելիս նախընտրում եմ լռել»:

Համլետ Քոչարյանը նաև կիթառ էր նվագում, կուտակած մտքերը պատմում լարերին, նա նաև գրում էր, մի շարք  պատմվածքների, բանաստեղծությունների ու երգերի հեղինակ է: Ինչպես քույր Անահիտն է ասում, ագահի պես կարդում էր, գրականությանը շատ մոտ էր, մինչև անգամ գրքեր էին բերում հարևան գյուղի գրադարանից, քանի որ Սևաքարի գրադարանում իր համար հետաքրքիր գրքերը արդեն կարդացել էր: Մարտական ընկերներն ասում են՝ օրերով կարելի է Համլետից խոսել, բայց մի բան հստակ է, նա երևույթ էր, ում փոխարինել չի լինի։

Հատված «Вздор»-ից

Մի շաբաթ էր՝ Կարոյի հետ Ռիգայում էինք՝ «Սովետական Եվրոպայում»: Դրանց չափած-ձևած նիստուկացից ուղղակի ձանձրացել էի: Ինչ-որ արհեստական, մեխանիկական բան կար եվրոպական կենցաղում, մարդկանց հարաբերությունների մեջ: Մարդիկ մի տեսակ սառն են, չափից դուրս օրինական, ժամացույցի պես կարգավորված: Մեկ-մեկ մտածում ես՝ այս ժամացույցներն ինչպես են երեխաներ ունենում...

Անուշ Միրզոյան


19:00 19.08.2018