Քաղաքականություն
Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը. Մենուա Հովսեփյան
Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում քաղաքացիները փակել են միջպետական ճանապարհը, դեմ են կարևոր դիրքերը թշնամուն հանձնելու իշխանության որոշմանը՝ նշելով, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չէ:
«Վաղը, մյուս օրն ադրբեջանցին մտնելու է յուրաքանչյուրի տուն, երաշխավոր չկա: Ո՞վ պետք է երաշխավոր կանգնի Սյունյաց աշխարհին: Այս իմպոտենտ կառավարությո՞ւնը: Ո՞ւր են Սյունիքից ընտրված պատգամավորները: Մեր ժողովուրդն է ընտրել նրանց»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ այլ սյունեցի նշեց. «Շատ կարևոր է նաև մարզի անվտանգության խնդիրը: Մեր մարզի բոլոր համայքների ղեկավարները կազմել են ինքնապաշտպանական ջոկատներ, պետական սահմանից տասնյակ կիլոմետեր առաջ խրամատավորվել են ու պահել դիրքերը մինչ օրս:
Երեկ այդ դավաճան կոչվածը հստակ հրամաններ է հաղորդում, որ բոլորը պետք է հետ վերադառնան: Այսինքն՝ այդ տասնյակ կիլոմետրերը, որոնք հենց բուֆերային գոտին են, պետք է պահեն Սյունիքի մարզի անվտանգությունը: Այսօր կորցնում ենք այդ անվտանգ գոտին և հետ ենք գալիս, ոչ մեկ չի պատճառաբանում, թե սրա վերջն իրականում ինչ է լինելու, իրականում ոչ մեկ չի ասում, թե ինչ է կատարվելու:
Այսօր ամենամեծ խնդիրը դա է՝ պատասախան ստանանք, թե ինչու է այսպես»:
Սյունեցիները նշում են, որ ակցիաները շարունակելու են այնքան, մինչև ստանան Սյունիքի անվտանգության երաշխավորություն, չգիտեն, թե որն է Սյունիքի պետական սահմանը:
Գորիս համայնքի ղեկավարի Մենուա Հովսեփյանն ասաց. «Մենք գիտենք որն է, բայց այն գործիքակազմը, որ օգտագործում է իշխանությունը սահմանները գծելու համար, թուրքերի որդեգրած սկզբունքն է, թուրքական սկզբունքով է իրականացվում: Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը: Չենք պատրաստվում այս ծախված գործընթացի մասնակիցը լինել: Ելքը պատկերացնում ենք՝ այս իշխանությունը միանշանակ պետք է հեռանա, քանի որ չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում այս գործընթացը կառավարման տակ պահել, պետք է ղեկը հանձնի այնպիսի մարդու, ով պատրաստ է խնդիրները լուծել:
Ադրբեջանի սահմանն ու Գորիսը տեղ-տեղ մի քանի մետր են հեռու լինելու, տեղ կա մտնում է հենց համայնքի կազմի մեջ: Հայաստանը սնուցող գլխավոր մայրուղին, որը Հայաստանը կապում է Պարսկաստանի հետ, վտանգված է, կիլոմետրերով տարածքներ անցնելու են թուրքին: Ո՞վ է երաշխավորելու անվտանգությունը, որ գիշերը գորիսեցին իջնի Որոտան, գերի չընկնի, ով է տեր կանգնելու Հայաստանին»:
Ակցիայի մասնակիցների խոսքով, իրենք պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարական, քանի որ նրանք ոչ մի երաշխիք իրենց չեն տվել, անհասկանալի է, ինչ է կատարվելու ապագայում:
«Մենք ամեն ինչ անելու ենք մեր վերջնական նպատակին հասնելու համար: Պետք է ապրենք անվտանգ երկրում, իսկ այսօր մեր երկիրը վտանգված է»,- նշեց ակցիայի մասնակից սյունեցին:
Նրանք նշում են, որ զինվորը չի պարտվել, պարտությունը եղել է թիկունքից՝ սխալ կառավարման, դիվանագիտության պատճառով:
«1988 թվականից մեր սահմանները գծվել են արյան գնով, հիմա գրչի մի հարվածով տալիս ենք թշնամիներին:
Համոզված եմ՝ եթե կառավարությունում, իշխանությունում լիներ մեկ հոգի, որը 1988 թվականից առ այսօր սահմանին կորցրած լիներ մի հարազատ, սրբություն, այս պահին հրաժարական կտար, կպահանջեր ներկայիս անճար, իմպոտենտ իշխանության հրաժարականը: Ազգովի մատնվել ենք անտերություն:
Եթե լսող չկա, ինքներս պետք է մեր հարցը լուծենք: Այստեղ բոլորը պատրաստ են զենք վերցնել, թող ապահովեն զենքով, մենք մեր հարցերը կլուծենք: Այսօր ադրբեջանցին ռուսի հետ գալիս, սահման է գծում, ո՞ւր են մեր պետական կառավարման աշխատողները:
1987 թվականին քարտեզագրումով ահագին քառակուսի կիլոմետր անցնում է թուրքին: Հասկացանք, փաստի առաջ ենք կանգնել, բայց մի՞թե հնարավոր է առանց կրակոցի այդքան հողերը հանձնել:
Մենք ունենք 8000-ից ավելի զոհ, 1000-ից ավելի անհետ կորած, 300-400 գերիներ, այսքանից հետո այս իշխանության մնալը արժեք ունի՞: Իհարկե, չունի, օր առաջ սրանք պիտի հրաժարական տան, դատ ու դատաստան պիտի լինի օրենքի կետերին համապատասխան:
Դատախազությանը, ԱԱԾ-ին կոչ եմ անում զբաղվել այդ հարցով: Երկրի դավաճանին իր կաբինետում պետք է ձերբակալեն: Սա է ժողովրդավարական պետության կանոնները:
Արդեն համոզված ենք, որ, իրոք, վաճառքի է հանել մեր երկիրը»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հավաքված սյունեցիները կոչ են անում համայնքի մյուս բնակիչներին միանալ իրենց ու միասին պայքարել դավաճանի դեմ, ով ժամ առ ժամ իրենց պապենական հողերը հանձնում է թշնամուն:
«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, այսօր վտանգված է: Փորձենք տեղ հասցնել անհայրենիք իշխանությանը, որ վերջ տա իր ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին ու հրաժարվի այն ամենից, ինչն այս պահին իրականացնում է:
Ամեն ինչ տանում է նրան, որ մնացած տարածքների նման ամեն ինչ տրվելու է թուրքին: Կարծում ենք՝ սյունեցիները չպետք է համակերպվեն սրա հետ»,- նշեց քաղաքացին:
Աղբյուր` Panorama.am