Սփյուռք
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գոյաբանական սպառնալիքի տակ է. ահազանգ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը 16-դարյա պատմության ընթացքում, հավանաբար, ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է. ահազանգում է Հայոց պատրիարքարանը՝ անդրադառնալով «Կովերի պարտեզում» ստեղծված իրավիճակին։
«Այս գոյաբանական-տարածքային սպառնալիքն ամբողջությամբ տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքների վրա։ Հայոց պատրիարքարանը չեղարկել էր «Կովերի պարտեզին» առնչվող պայմանագիրը: Չեղարկմանն օրինական արձագանք տալու փոխարեն՝ կառուցապատողներն ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում և փոխարենը ընտրել են սադրանքի, ագրեսիայի և այլ հալածող, հրահրող մարտավարություն՝ այդ թվում սեփականության ոչնչացում, լավ սպառազինված սադրիչներին վարձելը և այլ սադրանքներ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվել է նաև, որ վերջին օրերին հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի հատվածի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց քաղաքապետարանի թույլտվության:
Պատրիարքարանից տեղեկացրել են նաև, որ Իսրայելի ոստիկանությունը հայկական համայնքին պահանջ է ներկայացրել ազատել տարածքը։
«Կոչ ենք անում Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքներին՝ այս աննախադեպ ժամանակներում սատարել Հայոց պատրիարքությանը, քանի որ սա ևս մեկ ակնհայտ քայլ է, որ ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Հողում քրիստոնեական ներկայությունը վտանգելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ 5-րդ ալիք