Մամուլ
«Հրապարակային հայտարարություններ անել՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով»․ Հայկ Մարտիրոսյան
-Անկախության ճանաչումը ենթադրում է զենքով այդ անկախության պաշտպանություն, Հայաստանը փաստորեն հենց այդպես էլ անում է, հետևաբար որքանո՞վ է էական այս փուլում Հայաստանի կողմից ԱՀ-ի անկախության ճանաչումը։
-Նախ՝ առաջին մասի ձևակերպման հետ համաձայն չեմ: Ի՞նչ անկախության մասին է խոսքը: Անկախություն Հայաստանի՞ց: Այդ խեղկատակությանը, որ մենք երեսուն տարի առաջ անվանել ենք Արցախի անկախություն, պետք է վերջ դնել: Եվ անել դա հիմա: Միայն տգետի և դավաճանի գլխում այն ժամանակ՝ երեսուն տարի առաջ, երբ Արցախը արդեն Հայաստանի անբաժան մաս էր, կծագեր միտք՝ Արցախը անկախ հռչակել և պոկել մեզանից՝ անջատել անանջատելին: Հիմա մենք գերին ենք ժամանակի այդ ահավոր որոշման: Այս պատերազմում Արցախն իր անկախությունը չի պաշտպանում: Արցախն ընդհանրապես այստեղ մի մասն է մի շատ այլ պատկերի: Իսկ այդ պատկերում Հայաստանն է: Արցախը, որպես Հայաստանի Հանրապետության իրավական, օրինական երկրամաս՝ չի կարող իր անկախությունը պաշտպանել այս պատերազմում: Ինչպես որ չի կարող, օրինակ, առանձին վերցրած Շիրակի մարզը կամ Սյունիքի մարզը: Պատերազմը Արցախի դեմ չէ: Մեր հասարակությունում առկա այդ սոսկալի մտայնությունից պետք է վերջապես դուրս գալ: Պատերազմը Հայաստանի դեմ է և ողջ hայության: Սա պատերազմ չէ Արցախի համար, սա պատերազմ է Հայաստանը ոչնչացնելու համար: Եվ ուղղակի ծայրահեղ անպատասխանատու է այն, ինչ ոմանք մտածում են, թե սա Արցախի անկախության համար մղվող կռիվ է:
-Որո՞նք են այն երկրները, որոնց ճանաչումը կլինի էական վերոնշյալ համատեքստում։
-Քանի որ չի լինելու ճանաչում՝ ես դատարկ մտքեր չէի ուզենա արտահայտել: Միայն հիշեցնեմ, որ անգամ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախաձեռնությամբ անկախացած Կոսովոն, այսօր կիսատ-պռատ ճանաչված պետություն է և չունի լիարժեք միջազգային կարգավիճակ ունեցող պետության դրություն: Այնպես որ այդ ինքնավնաս երազկոտությունն Արցախի՝ ինչ-որ մեկի կողմից ճանաչել-չճանաչելու վերաբերյալ չեմ մեկնաբանի:
-Հավատո՞ւմ եք, որ Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը։
-Իհարկե ոչ: Եթե գտնեք մեկին, որ կպնդի, թե կճանաչի՝ ապա դադարեցրեք հարցազրույցը նրա հետ: Այդ մարդու տեղը հոգեկան անառողջ վիճակների բուժման հաստատությունում է: Ասեմ այլ բան՝ Ռուսաստանը երբևէ և երբեք չի ճանաչի Արցախի անկախությունը, բայց դե ֆակտո - փաստացի, լռելյայն կընդունի ի գիտություն Արցախի լիովին օրինական վերամիավորումը Հայաստանի Հանրապետությանը: Եվ հենց վերամիավորումն է, որ ոչ մի ճանաչում էլ չի պահանջում:
-Կո՞ղմ եք, որ ռուս խաղաղապահները գան։
-Դուք հարցազրույց եք վերցնում հայից: Ես հայ եմ, ծնվել եմ Երևանում և ամենայն հավանականությամբ Հայաստանում էլ կմեռնեմ: Արդյո՞ք կարող է որևէ հայ կողմնակից լինել ոչ միայն ռուս, այլ որևէ այլ խաղաղապահների մուտքին սեփական հայրենիքի տարածք: Խաղաղապահների մուտքը պարզ ասած՝ նշանակում է այդ տարածքի նկատմամբ սուվերենության հանձնում խաղաղապահներ ներկայացրած երկրին: Դա ոչ միայն անկախության, այլև երկրի կորուստ է նշանակում: Եվ ընդհանրապես այդ թեմայի առկայությունն ինքնին մեծ վիրավորանք է Հայաստանին՝ Ռուսաստանի մերձավորագույն դաշնակցին: Ռազմական, ռազմավարական, քաղաքական դաշնակիցները չեն գալիս իրենց դաշնակցին և նրա թշնամուն բաժանելով խաղաղություն հաստատելու: Գալիս են՝ դաշնակցի թշնամուն ջախջախելու: Հետևաբար՝ ես միանգամայն կողմ եմ ռուսական զորքերի կամ գոնե ռուսական զենքի՝ ուղղակի օգնությանը Հայաստանին: Առանց նախապայմանների, առանց խաղաղապահների և այլն: Ռուսաստանը դրանով ոչ միայն մեզ, այլև իրեն է պաշտպանելու: Որովհետև եթե Ռուսաստանում շատերը չեն հասկանում, ապա կան և այլք, ովքեր գիտակցում են, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում՝ վաղն անխուսափելիորեն տեղի է ունենալու և իրենց Հյուսիսային Կովկասում: Եվ եթե այսօր, այստեղ բարբարոսների բանակի շարժը չկասեցնեն՝ վաղը իրենց երկրում անկարող են լինելու դրան դիմակայել: Ռուսաստանը, եթե չի ուզում կորցնել իր դարպասների բանալիները, պետք է այդ դարպասների առջև ոչ թե խրամատ փորի, այլ դրանց վրա գրոհող բարբարոսներին ոչնչացնի:
-Որքանո՞վ է Մինսկի խմբի ձևաչափը այսօր կենսունակ մեզ համար։ Ի՞նչ անել, ինչպե՞ս։
-Մինսկի խումբը մեռած է: Ձևաչափը ոչնչացած է: Այն չկա: Կենդանի է պահում Հայաստանը: Ինչու՞, ի՞նչ անել, ինչպե՞ս և ե՞րբ, ես մանրամասն տեսնանյութ եմ պատրաստել: Իմ ՅուԹյուբյան ալիքում է: Կարող են դիտել:
-Մենք ենթադրո՞ւմ էինք այս պատերազմը, պատրա՞ստ էինք։
-Ենթադրում էին շատ քչերը: Ես տարիներ շարունակ ինքս զգուշացնում էի: Ինձ հայհոյում էին, պարսավում, հռչակում խուճապ տարածող և ծայրահեղական: Ընդ որում ասում էի, որ մենք անպատրաստ ենք, որ Թուրքիան ուղղակի է մասնակցելու, որ մասնակցելու են և ահաբեկիչներ: Եվ անընդհատ ենթարկվում էի պարսավանքների: Հիմա այդ ոչնչություններ, որոնք զրկեցին մեզ լրջագույնս պատրաստվելու հրամայականը գիտակցելուց՝ ֆեյսբուքում «հաղթելու ենք» թեմայի մեջ ստատուսներ են գրում: Պատրա՞ստ էինք արդյոք: Պատասխանեք ինքներդ: Լիովին պատրաստ երկիրը ունենում է առնվազն թշնամու օդուժին համարժեք օդուժ: Կամ հակաօդային համարժեք միջոցներ: Ունե՞նք անօդաչուներ: Ունե՞նք հակաանօդաչուային հատուկ միջոցներ: Պատասխանը պարզ է, այնպես չէ՞: Մյուս կողմից՝ կռվու՞մ ենք - այո՛: Հերոսի պես: Որովհետև հերոսներ և հերոսական բանակ ունենք: Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք երեսուն տարի պատրաստվել ենք: Հիմա անհրաժեշտ է բացթողումները շտապ շտկել և անցնել հակահարձակումների: Եվ որքան քիչ լինեն մեր ռեսուրսները, այնքան ավելի անհրաժեշտ է լինելու կտրուկ հակահարձակումների անցնել:
-Արդյո՞ք հայկական կողմն ունի պատերազմի ընթացքը շրջելու ռազմական ու քաղաքական կարողություն։
-Ռազմական կարողություն հայկական կողմն ունի:
-Ինչպե՞ս կզսպվի պատերազմը։
-Զսպելու մասին խոսելն անհեթեթ է: Այս պատերազմը ունենալու է միայն մեկ ելք՝ որևէ կողմի հաղթանակ և մյուս կողմի պարտություն: Կարող ենք, թե չենք կարող, ունենք ռեսուրսներ, թե չունենք, բացարձակապես այլևս կարևոր չէ: Մենք չունենք այլընտրանք, քան լինել հաղթող կողմ: Միայն դա պետք է լինի մեր միակ թիրախն ու նշանակետը:
-Ի՞նչ խորհուրդ կտաք իշխանություններին։ Ի՞նչ անել։
-Կարծիքներ հայտնում եմ ամեն օր: Հեռակա: Հրապարակային: Կրկնեմ ևս մեկ անգամ. հապշտապ հրապարակային հայտարարություններ անել անվանական առանձին պետությունների՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Պետությունների մեկ այլ խմբի հետ սկսել գաղտնի՝ կայծակնային բանակցություններ՝ ռազմամթերք և տիեզերական հետախուզության տվյալներ ստանալու վերաբերյալ: Անմիջապես հայտարարել Արցախի՝ Հայաստանին վերամիավորման մասին, առանց գնալու զարտուղի, մեզ ոչ մի լույս չբերող ուղիներով: Անցնել կտրուկ հակահարձակումների: Մենք պետք է աղբանոց նետենք, խորը փոս փորենք և անվերադարձ թաղենք մեր այն տխմարագույն մտածողությունը, թե թշնամու գործողությունները կարող են պայմանավորված լինել մեր գործողություններով: Թշնամին թքած ունի ամեն ինչի վրա: Եվ անելու է այն ամենը, ինչ վաղօրոք պլանավորել է: Ուր էլ մենք հարվածենք, ինչ էլ որ անենք՝ դրա պատասխանը չի լինելու մի բան, որ մեր հարվածի արդյունքում կլինի: Դրանով մենք միայն նախաձեռնությունն ենք մեր ձեռքը վերցնելու: Թշնամին ամեն տեղ, ամենուր և ամեն կերպ իր հարվածները փորձելու է հասցնել: Ուղղակի մեր վարանման, իբրև թե իրենց «չհրահրելու» միտման հետևանքով նախաձեռնությունն ու ժամանկի, միջոցների և տեղի ընտրությունն է թողնվելու թշնամուն:
Մեկ անգամ չէ, որ մենք հարվածել ենք անհաղթելի հսկաներին, դիմացել ենք և հաղթանակ արձանագրել: Հիմա էլ այդ նույն կռիվն է և հիմա էլ մեր դիրքորոշումը պետք է հարձակողական և ոչնչի հետ հաշվի չնստող դառնա: Դա է մեր հաղթանակի գրավականը: Դա է մեր միակ ճանապարհը:
Անուշ Միրզոյան