Մամուլ
Դեռ չապաքինված՝ Արսենը շտապում է զինակիցների մոտ
Քաջարանցի 24-ամյա Արսեն Օհանջանյանը հայրենիքը պաշտպանելիս վիրավորվել է, այժմ հիվանդանոցում է։ Հեռախոսազրույց ունեցանք Արսենի մայրիկի՝ Արմինե Պետրոսյանի հետ, ասաց․ «Այժմ Երևանում է, հիվանդանոցում, վիրահատել են, բայց դեռ երկար բուժում պետք է ստանա։ Բժիշկներին խնդրում է՝ շուտ բժշկեն, որ հասնի զինակից ընկերներին»։ Տիկին Արմինեի խոսքով հպարտ է ոչ միայն իր հայրենասեր որդով, այլև բոլոր անվախ ու քաջ հայորդիներով, ովքեր հիմա կենաց ու մահու կռիվ են տալիս թշնամու դեմ։ Նշում է, որ այս անգամ ոչ մի կաթիլ արցունք չի թափելու, վստահ է, որ մենք այս կռվում հաղթելու ենք։
Արսենը քառօրյա պատերազմի օրերին ծառայում էր Մարտակերտի շրջանի N զորամասում։ Ապրիլի 2-ին հակառակորդին հաջողվել էր գրավել այդ ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը: Ժամեր անց Արսենն ու ծառայակից ընկերները հետ են վերցրել դիրքը, որի համար էլ Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը նրան պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Արսենի հայրենասիրությունը դեռ դպրոցական տարիներին էր դրսևորվում։ Իմ դասընկերն է։ Ռազմագիտություն առարկայից նրա գնահատականները միշտ բարձր են եղել, դասամատյանում միայն իններ ու տասեր էին նրա անվան դիմաց։ Իսկ տետրերը տարբերվում էին մյուսներից։ Ինքը տետրում նկարում էր մեր զինտեխնիկան, իսկ հռչակավոր զորավարների ասույթները և զինտեխնիկայի անվտանգության կանոնները կարմիր գրիչով ընդգծում էր։ Չնայած համեստ բնավորության՝ ամենից ակտիվն էր այդ դասաժամերին, շատ էր հարցեր տալիս զինղեկին։ Չէինք կասկածում, որ մեր ժամանակի հերոսներից մեկը նաև Արսեն Օհանջանյանն է։
Արսենի հետ կզրուցենք ապաքինվելուց հետո, խոսելու շատ բան կա։
Փառք մեր հերոսներին։
Պատրաստեց Անուշ Միրզոյանը