Կրթություն
2 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում Վերին Դվին գյուղը նոր դպրոց կունենա. Զեմֆիրա Միրզոևա
ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան գրել է․
2 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում Վերին Դվին գյուղը նոր դպրոց կունենա
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 268 մլն 500 հազար դրամ գումարի չափով, որն ուղղվելու է ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերի 25 ուսհաստատության կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։ Ցանկում ներառվել է նաև Արարատի մարզի Վերին Դվին գյուղի դպրոցը։
Գերազանցապես ասորական համայնքի ներկայացուցիչներով բնակեցված Վերին Դվինի դպրոցի վերանորոգման, նոր մասնաշենքի կառուցման մասին երկու տարի շարունակ բարձրաձայնել եմ հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում՝ և՛ 2022-ի, և՛ 2023-ի բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելով։ Բազմաթիվ մերժումներ ստանալուց հետո ի վերջո հասանք մեր նպատակին՝ Վերին Դվինը նոր դպրոց կունենա։
Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ դեր ունի կրթությունը, լեզուն, մշակույթը ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման գործում։ Այս իմաստով Վերին Դվինի դպրոցը, որտեղ ասորի երեխաները սովորում են մայրենի լեզուն, ծանոթանում իրենց ազգային ու մշակութային առանձնահատկություններին, ՀՀ-ում ասորի ժողովրդի էթնիկ ինքնության պահպանման գործում բացառիկ նշանակություն ունի։
Իհարկե, դպրոցի նոր շենքի կառուցման որոշումը ուշացած, բայց կարևոր քայլ է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս, թեև ցանկալի կլիներ, որ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցերում կառավարությունն էլ սեփական նախաձեռնություններն ունենար կամ, առնվազն, տարիներ չպահանջվեր օբյեկտիվ անհրաժեշտությունն իշխանություններին ընկալելի դարձնելու համար։