Իրան
Իրանն իր տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ»
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է. այս մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։ Իրանն ակնկալում է, որ իր բարեկամ և եղբայրական հարևան Պակիստանը խստորեն հավատարիմ կմնա իր պարտավորություններին Պակիստանի տարածքում զինված ահաբեկիչների հենակետերի և խմբերի ստեղծումը կանխելու համար», – հայտարարությունից հատված է մեջբերում IRNA-ն:
Իրանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հունվարի 16-ին Թեհրանի հրթիռային հարձակումը Պակիստանի Բելուջիստան նահանգում «ահաբեկիչների դիրքերի վրա կանխարգելիչ գործողություն» էր, քանի որ Իրանի հարավ-արևելքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը նկատել էին, որ ահաբեկչական խումբը պատրաստվում է ներթափանցել Իրանի տարածք՝ հարձակում իրականացնելու համար։
«ԻՀՊԿ-ն կանխարգելիչ գործողություններ է իրականացրել այս ահաբեկչական խմբավորման դեմ իրենց հենակետում… բնակելի թաղամասերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այս գործողությունը իրանական սահմանապահ ուժերի պարտականությունների մի մասն է՝ հակազդելու երկրի ժողովրդի և քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած անմիջական ահաբեկչական սպառնալիքի», – ասվում է հայտարարության մեջ:
Պակիստանը հայտնել էր, որ Իրանի հարվածների հետևանքով զոհվել է 2 երեխա, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։ Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ էր հասցրել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում՝ պնդելով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այդ հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը 9 է․ նրանք իրանցիներ չեն։
Պակիստանը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին, իսկ Իսլամաբադում Իրանի դեսպանին, որն այդ ժամանակ գտնվում էր Թեհրանում, ասել է չվերադառնալ։
Աղբյուրը՝ ABC MEDIA