Մամուլ
Միխայիլ Բուլգակով․ «Վարպետը և Մարգարիտան»
Այս խորագրի ներքո կներկայացվեն այն հեղինակները, որոնց ստեղծագործությունները ժամանակ ու տարածություն չեն ճանաչում և շարունակում են փնտրված մնալ։ Ծննդյան տարեթվերը, ապրած ժամանակը այս դեպքում այնքան էլ էական չեն։ Ծնվել են, ապրում են և դարեր ու տասնամյակներ շարունակ զրուցում են տարբեր սերունդների հետ։ Ճիշտ է, երբեմն զրույցը այնքան էլ հեշտ չի տրվում։ Ընթերցողն էլ պետք է պատրաստ լինի զրույցի և փորձի փնտրել իր հավերժական զրուցակիցներին։
Ինչո՞վ պետք է գրավի վեպը 21-րդ դարի ընթերցողին։ Սովորաբար գրականագետները գրվածքը բաժանում են երեք շերտի՝ կենցաղային, միստիկական և ավետարանական։ Այս դեպքում խորհրդավորության քողով պատված ստեղծագործության մեջ շատ բան հասկանալի է դառնում։
Առաջին շերտում Վոլանդը և իր շքախումբը Մոսկվայում աչքի են ընկնում զարմանահրաշ արկածներով։ Եվ ոչ միայն։ Պատժում են նրանց, ովքեր կաշառակեր են, մատնիչ, կնամոլ, հարբեցող, նաև նրանց, ովքեր Վարիետեի թատրոնում դիտում են ներկայացում՝ սև մոգությամբ։ Ինչու՞ է Վոլանդը ընտրել թատրոնը։ Պատճառը մեկն է․ «Պարզապես ուզեցի մոսկվացիներին տեսնել զանգվածով», - ասում է Վոլանդը և հենց թատրոնում էլ անում իր տխուր եզրակացությունը․ «Մարդիկ են էլի։ Փող են սիրում, բայց չէ՞ որ դա միշտ եղել է ․․․ Մարդկությունը փող սիրում է, ինչից ուզում է պատրաստված լինի՝ կաշվից, թղթից, բրոնզից կամ ոսկուց։ Թեթևամիտ են․․․ Ի՞նչ արած․․․ Երբեմն գութն էլ է նրանց սիրտը շարժում․․․ Սովորական մարդիկ են․․․ Ընդհանուր առմամբ հիշեցնում են նախկիններին․․․ Բնակարանային հարցն է միայն նրանց փչացրել․․․»։
Այսքանից հետո հասկանալի են դառնում նաև մյուս պատժիչ գործողությունները։ Հին ապրանք սաղացնող բուֆետապանը արդարանում է, թե երկրորդ աստիճանի թարմության թառափ է վաճառել։ Նրան հասկացնում են, որ դա ցնդաբանություն է, առաջին կամ երկրորդ աստիճանի թարմություն չի լինում, թառափը կամ թարմ է, կամ հին։ Բնականաբար, պատիժն անխուսափելի է դառնում։
Այս ամենը հեղինակը պատմում է երգիծական սուր լեզվով։
Կենցաղայինն ու միստիկականը հաճախ միահյուսված են հանդես գալիս։ Դետեկտիվի սիրահարներն էլ կարող են անչափ հետաքրքրական էջեր գտնել, շունչը պահած հետևել սրընթաց գործողություններին, որոնք ծավալվում են N 50 խորհրդավոր բնակարանի շուրջ։
Այս բնակարանում հայտնվողներից մեկն էլ արդեն հանգուցյալ Բեռլիոզի՝ տարօրինակ բովանդակությամբ հեռագիրը կարդացողն է․ «Քիչ առաջ իմ գլուխը կտրվեց տրամվայի տակ՝ Պատրիարքականի մոտ։ Թաղումն ուրբաթ՝ ցերեկվա ժամը երեքին։ Մեկնի՛ր»։ Օրինավոր քաղաքացին թերևս դեն նետեր հեռագիրը կամ փորձեր հասկանալ՝ արդյո՞ք հեռագիր տվողի խելքը գլխին է։ Բայց Կիևում բնակվող հերոսը առանց երկար-բարակ մտածելու հայտնվում է Մոսկվայում, քանի որ նրան նույնպես փչացրել է բնակարանային հարցը․ ցանկանում է ամեն գնով ձեռք գցել կնոջ ազգականի՝ Բեռլիոզի բնակարանը։ Եվ հենց այդտեղ էլ նրա գլխին են թափվում Վոլանդի և նրա շքախմբի սարքած օյինները։
Իսկ երրորդ շերտը Պոնտացի Պիղատոսի և Եշուայի պատմությունն է, որ կգրավի հոգեբանական արձակի սիրահարներին։ Սա Վարպետի հորինվածքն է, որի պատճառով հեղինակը հալածանքների է ենթարկվում։
Ժամանակները տարբեր են։ Բայց այստեղ էլ մատնիչն իր սև գործն անում է, Ղևի Մատթեոսը, ով գրականագետների բնորոշմամբ անտաղանդ բանաստեղծություններ հորինող Իվան Անապաստանի հայելային արտացոլանքն է, մագաղաթում գրում է բաներ, որոնք որևէ կապ չունեն Եշուայի ասածների հետ։ Իսկ Եշուայի ասածներից առանցքայինը թերևս սա է․ «Մարդկային արատների մեջ ամենագլխավորներից մեկը վախկոտությունն է»։ Այս ուղերձը, ի վերջո, հասնում է Հրեաստանի դաժան կուսակալ Պոնտացի Պիղատոսին, ով չկարողացավ կամ չցանկացավ մահապատժից փրկել Յեշուային․․․
Բայց այս ամենը թերի կթվար, եթե չլիներ Վարպետի և Մարգարիտայի սիրո պատմությունը։ Իրենց գլխին թափված դժբախտություններից հետո հենց այս երկուսն են արժանանում լիակատար հանգիստ վայելելու իրավունքին։
Բոլոր ժամանակներն էլ դժվար են եղել։ Եվ բոլոր ժամանակներում էլ դրված է եղել ամենակարևոր խնդիրը՝ մարդ մնալ։ Միխայիլ Բուլգակովը, ինչպես մյուս հավերժական զրուցակիցները, լավ գիտեր դա։
Արթուր Իսրայելյան